Միլիոնների անհամապատասխանություններ, ռիսկային գնումներ, վառելիքի գծով ոչ արժանահավատ ծախսեր. Ի՞նչ է հայտնաբերել ՀՊ-ն ՊԵԿ-ում

Միլիոնավոր դրամների խեղաթյուրումներն ու անհամապատասխանությունները չեն շրջանցել նաև ՊԵԿ-ը. Հաշվեքննիչ պալատն է հանրայնացրել Պետական եկամուտների կոմիտեի 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննությունը:

Հաշվեքննությամբ արձանագրված հիմնական փաստերից՝ դրվագներ

Այսպիսով, «Հարկային և մաքսային ծառայություններ» միջոցառման շրջանակում 411100՝ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով առկա է անհամապատասխանություն և խեղաթյուրում կապված նշված հոդվածով 2022թ. ընթացքում աշխատակիցներին վճարված շուրջ 55 միլիոն 173 հազ. դրամ պարգևատրումների հետ: Հաշվեքննիչը նշել է, որ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007թ. հունվարի 9-ի համապատասխան հրամանի համաձայն, պարգևատրումները դասակարգվում և արտացոլվում են 411200 տնտեսագիտական հոդվածում:

Պարզվում է նաև, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության անվտանգության և պահպանության բաժնի անցագրային կետի հերթապահի պաշտոնները զբաղեցնելու համար թվով 162 ժամանակավոր աշխատանքային պայմանագրերը կնքվել են համապատասխան թափուր հաստիքներ նախատեսված չլինելու պարագայում, ինչպես նաև՝ 2022թ. կոմիտեի 425 աշխատակցի համար չեն հաշվարկվել և չեն վճարվել գիշերային աշխատանքի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հավելումները:

Կարդացեք նաև

ՀՊ-ն արժանահավատ չի համարել նաև գերատեսչությունում ավտոմեքենաների վառելիքի գծով ծախսերի ճանաչման և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում արտացոլված չափը:

«2022թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվությունում ավտոմեքենաների վառելիքի՝ 132 միլիոն 549.000 դրամի չափով փաստացի ծախսերը ճանաչվել և արտացոլվել են առանց դրանց արժանահավատությունն ապահովող ավտոմեքենաների երթուղային թերթիկներում փաստացի կատարած վազքի ցուցմունքների»,- արձանագրել է հաշվեքննողը:

Ուշագրավ է, որ անհամապատասխանություն է առկա նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում» միջոցառման շրջանակներում «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով կատարված ծախսերի առնչությամբ. ՀՀ պետական բյուջե 2022թ. ընթացքում մուտքագրվել է 36 միլիարդ 960 միլիոն 382.000 դրամ դրոշմանիշային վճար, սակայն միջոցառման շրջանակներում հիմնադրամին է փոխանցվել շուրջ 33 միլիարդ 970 միլիոն 589.000 դրամ: Տարբերությունը կազմում է 2 միլիարդ 989 միլիոն 793.000 դրամ:

Հաշվեքննությամբ արձանագրված այլ փաստերի վերաբերյալ գրառումներ

ՊԵԿ 2022 թվականի կարիքների համար ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման նպատակով կնքվել է թվով 409 պայմանագիր, որից մեկ անձից գնման ընթացակարգով՝ 101, բաց մրցույթ ընթացակարգով՝ 15, գնանշման հարցում ընթացակարգով՝ 113, էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով՝ 139 պայմանագրեր:

2021թ. հոկտեմբերի 22-ին ՊԵԿ-ի և «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրով ձեռք են բերվել կոմպոզիտիվ սերվերներ և տվյալների պահոցներ` 1 միլիարդ 310 միլիոն 160.000 դրամով՝ երկու չափաբաժին:

ՊԵԿ-ը 1-ին չափաբաժնով թվով 8 կոմպոզիտիվ սերվերները ձեռք է բերել «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ից՝ 92 միլիոն դրամ գումարով (առանց ԱԱՀ): Հաշվեքննությամբ  պարզվել է, որ «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ն վերոնշյալ ապրանքները ձեռք է բերել «Էլքոր Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ից՝ 73 միլիոն 270.000 դրամով (առանց ԱԱՀ):

«Գների դրական տարբերությունը կազմում է 18,729.89 հազար դրամ /92,000.00-73,270.11/՝ 25.6 % /առանց ԱԱՀ/: Վերոնշյալ ապրանքները ՀՀ տարածք են ներմուծվել «ԷԼՔՈՐ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ-ի կողմից 2022թ. մարտի 21-ին 68,800.19 հազար դրամով (առանց ԱԱՀ): Գների դրական տարբերությունը կազմում է 4,469.92 հազար դրամ /73,270.11-68,800.19/, 6.5% /առանց ԱԱՀ/»,- արձանագրել է ՊԵԿ-ը՝ նշելով, որ արդյունքում՝ պայմանագրի միայն 1-ին չափաբաժնով ներմուծման և ՊԵԿ-ին մատակարարման գների տարբերությունը կազմել է 23 միլիոն 199 հազար դրամ:

Պայմանագրի չափաբաժին 2-ով նախատեսված տվյալների պահոցները ՊԵԿ-ը ձեռք է բերել «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ից՝ 999 միլիոն 760.00 հազար դրամով, իսկ հաշվեքննությամբ պարզվել է, որ «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ն վերոնշյալ ապրանքները 2022թ. հունիսի 10-ին ձեռք է բերել 753 միլիոն 142.000 դրամով, իր հերթին՝ այս ապրանքները ՀՀ տարածք են ներմուծվել «Էլքոր Դիսթրիբյուշն» ՍՊԸ կողմից 2022թ. հունիսի 9-ին՝ 726 միլիոն 583.000 դրամով:

Արդյունքում՝ պայմանագրի չափաբաժին 2-ով ՀՀ ներմուծված և ՊԵԿ-ին մատակարարված ապրանքների գների տարբերությունը կազմել է շուրջ 273 միլիոն 176.000 դրամ:

Հաշվեքննողն արձանագրել է. «Գնումն իրականացնելիս չի կատարվել շուկայական գների վերլուծություն, չի իրականացվել գնահարցում հայաստանյան կամ արտասահմանյան համապատասխան ընկերություններից, չի կատարվել ուսումնասիրություն բաց աղբյուրներում, այլ հիմք է ընդունվել միայն նախկինում կայացած, բայց տեխնիկական միջոցների դեպքում՝ ավելի վաղ և ոչ նույն տեխնիկական բնութագրերով գնման առարկայի գնման արդյունքում ձևավորված գները»:

ՀՊ-ն սա ռիսկային գնում է համարել:

Հիշեցնենք, որ «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ն պատկանում է Ալեքսանդր և Հայկ Եսայաններին, որոնք 2018թ. հայտնի իրադարձություններից հետո ունեցան թռիչքաձև ձեռքբերումներ։ 

«Էլքոր Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ն, ըստ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների, պատկանում է Բելառուսից Եվգենի Մորոզովին: Ընկերությունը, ի դեպ, 2022թ. ՀՀ խոշոր հարկ վճարողների հարյուրյակում է:

Ի դեպ, գերատեսչության 2022թ. բյուջեի հաշվետու ժամանակահատվածի ճշտված պլանը կազմել է 184 միլիարդ 253 միլիոն 184.000 դրամ:

Տեսանյութեր

Լրահոս