Եսայան եղբայրները «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի նոր բաժնետերերն են
168.am-ն օրեր առաջ տեղեկություն էր ստացել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներքաշված էին Աբովյան փողոցի վրա գտնվող, իտալական «Ռենկո» ընկերությանը պատկանող «Երևան» հյուրանոցի, այժմ՝ «Գրանդ Հոթել Երևանի» գործարքում:
Օրեր շարունակ փորձում էինք մանրամասներ ճշտել, թե ի՞նչ է իրականում տեղի ունենում, ի՞նչ գործարք է և ովքե՞ր են իրականում կանգնած թանկարժեք այդ գործարքի հետևում:
Այսօր հավաստի տեղեկություններ ստացանք, որ Team Telecom Armenia ընկերությունը ներկայացնող Եսայան եղբայրներն օրերս հերթական գործարքն են իրականացրել՝ ձեռք բերելով «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի բաժնեմասեր, ավելին՝ Եսայանները նույնիսկ հանդիպում են ունեցել հյուրանոցի անձնակազմի հետ:
Այս գործարքի մանրամասների համար կապ հաստատեցինք Team Telecom Armenia ընկերության հասարակայնության հետ կապերի ղեկավար Գրիգորի Յուրինի հետ: Ընկերության ներկայացուցիչը հարցադրումը լսելուց հետո խոստացավ կապ հաստատել մեզ հետ լրացուցիչ ճշտումներից հետո: Ընկերության պատասխանը ստանալուն պես՝ այն կհրապարակենք։
Հիշեցնենք՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԿԾՀ) 2020թ. հուլիսի 10-ին արտահերթ նիստում քննարկեց և թույլատրեց «ՎԵՈՆ Արմենիա»-ի ներքո հանդես եկող հեղահաղորդակցման «Բիլայն» ընկերության օտարումը «Թիմ» ՍՊԸ-ին, որի սեփականատերերը «Յուքոմ»-ից դուրս եկած Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներն են:
168.am-ը ժամանակին՝ 2020թ. հուլիսի 17-ին, անդրադարձել էր այս գործարքի նախապատմությանը՝ քողազերծելով մի քանի մանրամասներ:
«Այս պատմությունը սկիզբ է առնում անցած տարեվերջից, երբ հեռահաղորդակցման Խաչատրյան ընտանիքին (ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան.- Գ.Ս.) պատկանող «Յուքոմ» ընկերությունը ցանկանում էր ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ով հանդես եկող «Բիլայն» ընկերությունը: Այստեղ մի ուշագրավ նրբություն կա: Ըստ էության՝ երկու ընկերությունների սեփականատերերը որոշում են, որ գործարքի հաջող ելքի դեպքում ընկերության տնօրեն է դառնալու «Բիլայնի» գործող տնօրեն Անդրեյ Պյատախինը: Սրան կտրականապես դեմ է լինում այն ժամանակ «Յուքոմի» գործող տնօրեն Հայկ Եսայանը, ով մեծ աղմուկ է բարձրացնում այդ թեմայով: Հիշեցնենք, որ Հայկ Եսայանը և վերջինիս եղբայրը՝ Ալեքսանդր Եսայանը, «Յուքոմ» ընկերության 6% բաժնեմասերի սեփականատերերն են:
Այս խափանված գործարքից հետո հենց Հայկ Եսայանը հայտարարեց, որ հեռանում է «Յուքոմից», և իր հետ միասին ընկերությանը հրաժեշտ են տալու նաև մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք ապահովում են ընկերությունում տեխնիկական աշխատանքների իրականացումը:
Այս գործընթացներին զուգահեռ՝ ակտիվանում են Գագիկ Խաչատրյանի որդիների՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների նկատմամբ հարուցված քրեական գործերը, և Եսայան եղբայրները հասկանում են, որ հասել է «ճշմարտության պահը», ու մեղք է դրանից չօգտվելը, և հայտարարում են «Յուքոմը» գնելու մտադրության մասին»,- նշել էինք հրապարակման մեջ:
Մեկ այլ դրվագով էլ արդեն 2021թ. հունվարին հայտնել էինք «Ավինյան-Եսայաններ-Փաշինյան տրիոյի» հերթական գործարքի մասին՝ արձանագրելով. «2020թ. դեկտեմբերի 4-5-ի շրջանում «Ղարաբաղ-Տելեկոմը» հանձնվել է Եսայան եղբայրների կառավարմանը, որոնք միաժամանակ նաև «Beeline» բրենդը ձեռք բերած ու «Վեոն Արմենիա» ընկերության մեջ միավորած գործարարներն են: Մնում է միայն հասկանալ՝ շուկայում մոնոպոլ դիրք Եսայաններին տալով՝ Փաշինյանի և Ավինյանի հետ միասին, ի՞նչ շահագրգռություն է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով դեռ պատերազմը նոր սկսած՝ ամենակարևոր գործը համարեց «Ղարաբաղ-Տելեկոմը» պետության կառավարմանը հանձնելը, իսկ մենք դեռ այն ժամանակ էինք գրել այս գործընթացի հեռահար նպատակի մասին, որը, փաստորեն, ոչ մի կապ չուներ ոչ պատերազմի, ոչ էլ հայրենասիրության կամ անվտանգության հետ: Իսկ կապի և հեռահաղորդակցության ոլորտը ոչ միայն բիզնես շահեր է սպասարկում, այլև քաղաքական, անվտանգային։ Իսկ նման շահեր այստեղ կարող են ունենալ նաև արտաքին «խաղացողները»:
Ի դեպ, մեր տարբեր հրապարակումներում նշել էինք նաև, որ Եսայան եղբայրներն իրենց անխոչընդոտ բիզնես գործունեությունը ծավալում են նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի բարձր հովանու ներքո, ներկայացրել էինք եղբայրների ու նրա կապը, ընդհանուր հետաքրքրությունները: Եթե սրան հավելում ենք նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի թեթև ձեռքով և գրեթե կայծակնային արագությամբ «Ղարաբաղ-Տելեկոմի» հանձնումը Եսայան եղբայրների կառավարմանը, պատկերն ամբողջանում է:
Հ.Գ. Մեզ հետ կապ հաստատեցին «Թիմ» ընկերությունների խմբի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հաղորդագրությամբ հաստատելով մեր տեղեկությունն առ այն, որ Երևան «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի նոր սեփականատեր է դարձել «Թիմ» ընկերությունների խումբը:
«Այս մասին հայտնել են իտալական «Ռենկո» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անդրեա Դելլասանտան և «Թիմ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանն այսօր կայացած մամուլի ասուլիսին։
Ամփոփելով նախորդ 25 տարիներին հյուրանոցի գործունեությունը՝ Անդրեա Դելլասանտան նշեց, որ այն «Ռենկոյի» պատմության մեջ նշանակալի դեր ունի։
«1998-ին հյուրանոցը ձեռք բերելուց հետո մենք նախաձեռնեցինք դրա վերակառուցումը՝ պահպանելով այն նախնական տեսքը, որն ունեցել էր այս պատմական շենքը։ Այս գործարքով հյուրանոցի պատմության մեջ նոր էջ է բացվում»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: