«Պայթյուն է լինելու. փլատակների տակ մնալու են ոչ թե Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը, այլ իշխանությունը պահող մյուս ՔՊ-ականները». Մենուա Սողոմոնյան

«Դժվար է ասել, թե մոսկովյան եռակողմ հանդիպումն ինչ արդյունք կտա, բայց այն, ինչ հայտարարել է Փաշինյանը՝ կանխորոշելով Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում, մոսկովյան ձևաչափի տրամաբանությունից դուրս է: Ավելի պարզ ասենք՝ նաև Մոսկվայի շահերից չի բխում, որ հայ-ադրբեջանական պայմանագրով լուծում տրվի Արցախի կարգավիճակի հարցին՝ Ադրբեջանի կազմում, որովհետև դա կնշանակի, Ալիևի լեզվով ասած՝ Արցախի ռեինտեգրացիա և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերում: Դրան կհետևեն Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ հարցադրումներ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց 5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը՝ ընդգծելով՝ բացահայտ դավաճանություն է տեղի ունենում հայ ժողովրդի պետական, քաղաքական շահերի դեմ:

Նա շեշտեց՝ Արարատի և Արագածի վերաբերյալ մանիպուլյատիվ հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը կոտրում է մեր ինքնությունը. «Հայ ժողովրդի վաղնջական ժամանակներից Արարատը մեր ինքնության մեջ է: Մեր ինքնությունը կերտող լեռ է: Արարատում փրկչագործություն է տեղի ունեցել, մարդկությունը փրկվել է Արարատում՝ Նոյի տապանով: Այդ լեռը մեր պատմական հայրենիքում է, այդ լեռան մասին դասագրքերում է գրված, ֆիլմեր կան: Ամբողջ աշխարհում Արարատն ավելի շատ հայերի հետ են ասոցացնում: Սա մեր ինքնության մի կարևոր բաղադրիչն է, ի՞նչ իրավունքով է նա նման բաներ ասում: Բնականաբար, նրա վրա զայրանում են Թուրքիայից. ներողություն արտահայտությանս համար, բայց դրսում անգամ մուկ չի կարողանում տշել, իսկ երկրի ներսում առյուծ է կտրում: Իր նպատակն է՝ այստեղ ստեղծել անդեմ, անինքնություն, առանց հոգևոր մշակույթի, սպառող մի հասարակություն, որի համար արժեքը սնունդը, մեքենան, հագուստ լինի: Այդ մարդն իր էությամբ նյութապաշտ և եսապաշտ է, և ոչ միայն ինքը, այլև շատ ուժեր ձգտում են, որ մարդկանց ինքնության միջից վերանա այդ ամենը, դառնան սպառող հասարակություն»:

Նա շեշտեց՝ Փաշինյանի ասուլիսից տպավորություն էր, որ ոչ թե Հայաստանի ղեկավարն է խոսում, այլ՝ Ադրբեջանի. «Նա բանավիճում էր լրագրողների հետ, բառախաղեր էր տալիս, որ ամեն գնով ապացուցեր, որ Արցախն Ադրբեջան է: Մեր ժողովուրդը դրան, բնականաբար, դեմ է: Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումներն էլ են ցույց տվել, որ Արցախի հարցում Փաշինյանի վարած քաղաքականությանը հարցվածների ընդամենը 2 տոկոսն է կողմ: Սա պարզապես Արցախի հարց չէ, Արցախի հարցը հայ ժողովրդի ֆիզիկական գոյության հարցի մի փուլն է, որն ուզում են լուծել՝ ի վնաս հայ ժողովրդի, ինչին պետք է դիմադրենք: Թող մեզ պատերազմով չվախեցնեն: Եթե մենք որոշել ենք ունենալ պետություն, պետք է պատրաստ լինենք այդ ամենին: Իսկ ո՞վ ասաց, որ մենք չենք կարող դիմադրել: Տեղ գյուղում դիմադրություն եղավ, ադրբեջանցիք դուրս շպրտվեցին, Սոթքում տեղի ունեցավ դիմադրություն՝ դուրս շպրտվեցին: Այստեղ կամքի և կազմակերպվածության հարց է: ԱՄՆ-ի պես գերտերությունը Վիետնամին չկարողացավ հաղթել, ԽՍՀՄ-ի նման գերտերությունն էլ Աֆղանստանին չկարողացավ հաղթել, ինչի՞ մասին է խոսքը: Մենք անհամարժեք ուժերի պատերազմների բազմաթիվ օրինակներ գիտենք, հետևապես՝ պետք է կամք և կազմակերպվածություն»:

Կարդացեք նաև

Նա շեշտեց՝ հայ ժողովուրդն իր Անկախության հռչակագրով, Սահմանադրությամբ և տարբեր այլ եղանակներով՝ իր կամքն արտահայտել է. Արցախը պետք է ճանաչվի ազատ, հետո պետք է միանա Հայաստանին. «Վերջ, սա է մեր կամքը, և ոչ ոք չի կարող մեր այդ կամքը կոտրել»:

Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ: Մենուա Սողոմոնյանից հետաքրքրվեցինք՝ ի վերջո, ի՞նչ նպատակ են հետապնդում Փաշինյանի այս հայտարարությունները, եթե ինքն էլ է խոստովանում, որ Արևմուտքից որևէ երաշխավոր չկա:

«Նիկոլ Փաշինյանն այլ կերպ է պատկերացնում Հայաստանի անվտանգությունը. Նա Հայաստանի անվտանգությունը պատկերացնում է՝ որպես Թուրքիային  հլու-հպատակ պետություն, և այդ պարագայում ո՛չ Արևուտքի, ո՛չ Ռուսաստանի, և ո՛չ էլ մեկ այլ պետության անվտանգության հովանոցի կարիքն է լինելու: Նա այդպես է հարցի լուծումը տեսնում: Նիկոլ Փաշինյանը լավ էլ հասկանում է, որ ֆրանսիացիները, ամերիկացիները, բելգիացիները կամ պորտուգալացիները Հայաստանում զորք չեն տեղակայելու: Հետևաբար՝ իր մոդելն այն է, որ Հայաստանը կդառնա Թուրքիային ենթակա պետություն, մեր ինքնության կարևոր բաղադրիչները կհանեն, կոդը կջնջեն, կդառնանք մի զանգված, որը միայն ուտելու մասին է մտածում: Սկզբում այստեղ տարբեր ընկերություններ կբերեն, հետո այդ աշխատողներն իրենց ընտանիքներին կբերեն, հետո դպրոցների հարց կբարձրացնեն, մզկիթների հարց կբարձրացնեն, ու այդպես կսկսվի էքսպանսիան: Այսպիսի ապագա է տեսնում Փաշինյանը: Դրա համար, թեպետ նա հասկանում է, որ Արևմուտքը չի փոխարինելու այս տարածաշրջանում Ռուսաստանին, դա նրան պետք չէ, նրան պետք է այնպիսի վիճակ, ինչպիսին Թուրքիայի կողմից էքսպանսիայի ենթարկվող մյուս պետություններում է»,- ի պատասխան՝ ասաց նա:

Մենուա Սողոմոնյանն անդրադարձավ նաև իր նկատմամբ հարուցված քրեական գործին՝ նշելով, որ դա քաղաքական հետապնդում է և իրեն լռեցնելու նպատակ է հետապնդում. «Քաղաքական հետապնդում է տեղի ունենում իմ նկատմամբ, որ՝ 2016թ. ԵՊՀ-ում կենցաղային տեխնիկայի գնում է եղել, և ես այդ գնման գնահատող հանձնաժողովի մեջ եմ եղել՝ ֆունկցիա ունենալով գնահատել ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը «Գնումների մասին» օրենքի ընթացակարգին, և Քննչական կոմիտեն տարել է հետաքննություններ և պարզել, որ այդտեղ փողերի յուրացման սխեմաներ են բացվում, ու մեղադրում են հանձնաժողովի անդամներին, այդ թվում՝ ինձ՝ անհատական և խմբային շահով առաջնորդվելու համար: Այդ ամենը դեռ դատարան դուրս չեկած՝ սկսել են կեղտոտ քարոզչություն իմ ու ընտանիքիս դեմ»:

Մենուա Սողոմոնյանը նկատեց՝ մարդկանց անելանելիության զգացումն է պատել, և առաջնորդության խնդիր կա երկրում. «Մարդիկ ուզում են գնալ այնտեղ, որտեղ ուժ են տեսնում: Մարդիկ վախենում են շարժումների մարելուց, բայց դա ի վերջո հանգեցնելու է մի պայթյունի: ՔՊ-ական պատգամավորներ կամ իշխանությունը պահող տարբեր տիպի պաշտոնյաներ կան, որոնց հետ ես ծանոթություններ ունեմ, բայց հետները չեմ շփվում, և միշտ ասել եմ, որ պայթյունի փլատակների տակ ոչ թե Նիկոլ Փաշինյանը կամ Ալեն Սիմոնյանն են մնալու, այլ իրենք են մնալու: Դա բնական պրոցես է, երբ լատենտ վիճակում մնում է, կաթսան անընդհատ եփում է, իսկ գլուխն էլ փակում են, իսկ հիմա Փաշինյանն այդ կաթսայի գլուխն է փակում, հետո այդ կափարիչը դուրս կթռչի, այդ կափարիչը որ դուրս թռավ՝ իրենք են տակը մնալու: Անթույլատրելիության շեմն անցել են, բոլոր կարմիր գծերը հատել են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս