Երևանի աղբավայրում ինչ-որ «մաֆիոզ» խմբեր կան, որոնք աղբավայրը կիսել են իրար մեջ. Լևոն Զաքարյան
«Եվս մեկ շաբաթ սպասվում է ծխով լցված օդ, որը գալիս է Նուբարաշենի աղբանոցից: Խնդրում եմ, այս հարցն ավելի արագ կարգավորվի, քան մեկ շաբաթը: Բոլորս էլ գիտենք, որ խոսքը թունավոր ծխի մասին է»,- Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում ասաց ավագանու անդամ Լևոն Զաքարյանը՝ նշելով, որ հրդեհի բռնկումից հետո նաև խոսակցություններ տարածվեցին, ըստ որոնց՝ կան որոշակի խմբավորումներ, որոնք աղբավայրը բաժանել են միմյանց միջև, ու գուցե հրդեհն առաջացել է այդ խմբերի միջև ծագած խնդիրների պատճառով:
«Արձանագրում ենք մի փաստ, որ Երևանի աղբավայրում ինչ-որ «մաֆիոզ» խմբեր կան, որոնք աղբավայրը կիսել են իրար մեջ և այնտեղից իրենց համար պիտանի բաներ են հանում, իսկ իրենց միջև եղած խնդիրների պատճառով կարող են նաև հրդեհել աղբավայրն ու երևանցիներին ասեն՝ մի 10 օր այդ ծուխը շնչեք»,- ասաց Զաքարյանը՝ հարցնելով, թե այդ պարագայում ինչո՞վ է զբաղվում «Նոր աղբավայր» ՓԲԸ-ն, և հասկանանք՝ ո՞նց են այդ մարդիկ հայտնվում այդ տարածքում:
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն արձագանքեց, թե իր վրա պատասխանատվություն չի վերցնում մեկնաբանելու շրջանառվող վարկածները և եզրակացություն տալ դրանց ճիշտ կամ սխալ լինելու վերաբերյալ, քանի որ այդ ուղղությամբ արձանագրված որևէ փաստ կամ հաղորդում չի եղել։
«Մայիս ամսվա այս տեղումների համար բավականին անսպասելի էր ծավալը: Ըստ էության, այն 31 հեկտարը, որը վարձակալության է տրված այս ընկերությանը, գրեթե ամբողջ պարագծով բռնկվել է, և ծխի ծավալը դրանով է պայմանավորված: Աղբավայրում հրդեհն առաջին դեպքը չէ: Ամեն տարի ամռան շոգ եղանակներին հրդեհվել է: Ինչ ստեղծվել է աղբավայրը՝ հավաքչությամբ զբաղվող խմբերն այդտեղ աշխատել են: Չգիտեմ՝ մարդիկ սոցիալական ինչ կարգավիճակ ունեն»,- ընդգծեց Կամո Արեյանը՝ շեշտելով, որ առաջնային խնդիրը կրակը մարելը, ծուխը վերացնելը և նոր աղբավայրի կառուցման ծրագրին ձեռնամուխ լինելն է։