«Գեներալներ, պատերազմում պարտվեցիք ոչ այնքան՝ թշնամուն, որքան՝ ինքներդ ձեզ. կատարեցիք ոչ թե՝ ինչ գիտեիք և պարտավոր էիք, այլ՝ ինչ պարտադրեցին». Սենոր Հասրաթյան

Մայիսի 18-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որում նախագահ Արայիկ Հարությունյանին կոչ էր արել հրաժարական տալ։ Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարը նաև առաջարկել էր ստեղծել պաշտպանության պետական կոմիտե, և այդ կազմում երկու մարդու ընդգրկել՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին:

Իսկ Արցախի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը մեկ անգամ չէ, որ նշել է` Արցախում իշխանությունը պետք է վստահել ճանապարհ անցած արհեստավարժներին և 90-ականներին իրական հաղթանակ կերտածներին:

Ո՞ւմ նկատի ունի ՊԲ նախկին խոսնակը, և արդյո՞ք այսօր Արցախի նախագահի հրաժարականը հավելյալ ռիսկեր չի ստեղծի Արցախի համար, եթե, իհարկե, Արայիկ Հարությունյանը պատրաստ է դրան, եթե ունի հետին նպատակներ:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Արցախի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ:

Կարդացեք նաև

– Իրականում ես քանիցս ասել և շարունակում եմ մնալ այն համոզման, որ երկիրը, առավել ևս՝ ճգնաժամային վիճակում հայտնված երկիրը, պետք է ղեկավարի անցած ճանապարհով կենսագրություն կերտած անհատների կառավարությունը: Դա ամենևին չի նշանակում ձևավորել հակասահմանադրական իշխանություն: Դա նախևառաջ նշանակում է` պետական կառավարման ոլորտները՝ սահմանադրության տառին և ոգուն համահունչ, վստահել նրանց, ովքեր իրենց անցած ճանապարհով ապացուցել են, որ ունակ են դիմանալ այդ ծանրությանը: Ինչ վերաբերում է Արցախի նախագահի հրաժարականին, ապա այսօր գերխնդիրը ոչ թե նրա հրաժարականն է, այլ նրա կողմից իրականացվող ճիշտ և համարձակ ներքին և արտաքին քաղաքականությունը:

– ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն առաջարկում է իրեն տալ պետնախարարի պաշտոնը և 100 օր՝ Արցախը չկորցնելու համար: Նա խոստանում է կարճ ժամանակում հզոր ինքնապաշտպանություն ստեղծել, արցախցիներին հանել գերությունից և այլն: Որքանո՞վ է այսօրվա պայմաններում սա իրատեսական, երբ Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը, երբ Արցախը շրջափակման մեջ է: Ի վերջո, որքան էլ համեմատականներ անցկացնենք 90-ականների իրավիճակի հետ, այնուամենայնիվ, այսօր կան նաև որոշակի տարբերությունններ կամ այլ իրողություններ:

– Որ 90-ականների սկզբներին Սամվել Բաբայանը ստանձնելով դեռևս չկազմավորված բանակի հրամանատարությունը՝ կարողացավ իր զինակիցների հետ միասին, փայլուն կերպով իրականացնել առաջադրված խնդիրները, դա կասկածից վեր է: Բայց այսօր, իրոք, դրությունն այլ է: Ճիշտն ասած, ցավոք, ես ծանոթ չեմ իրավիճակի շտկմանն ուղղված Բաբայանի ծրագրին և այդ պատճառով կդժվարանամ որևէ գնահատական տալ: Բայց որ գրագետ գործելու դեպքում հնարավոր է երկիրը դուրս բերել այս վիճակից, կասկած չունեմ:

Ի դեպ, մամուլի հրապարակումներում կամ որոշ շրջանակներ Սամվել Բաբայանին համարում են «Նիկոլ Փաշինյանի մարդն» Արցախում, գուցե օբյեկտիվ, գուցե սուբյեկտիվ պատճառով: Ինքը՝ ՊԲ նախկին հրամանատարը, դա մի քանի անգամ հերքել է:

– Ի դեպ, չգիտեմ՝ ում կողմից և ինչ նպատակով, նման լուրեր հաճախ են դրվում շրջանառության մեջ, և Սամվել Բաբայանին ներկայացնում են «Նիկոլի մարդը», Ռուբեն Վարդանյանին էլ` անգլոսաքսոնական կամ ռուսական դրածո, մեկին` սորոսական, մյուսին՝ «նախկին թալանչի», և այդպես շարունակ… Չեմ կարծում, որ այսօրինակ խոսակցություններից մենք կշահենք: Ես հակված եմ հենվել փաստերի վրա, բայց քանի որ փաստեր չունեմ, ուստի չէի ցանկանա օդում կախված լուրերը հիմք ընդունելով՝ դատողություններ անել:

– Երբ դեռ Ռուբեն Վարդանյանն Արցախի պետնախարարն էր, և նրա դեմ արշավ կար՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ, Դուք շատ լավ էիք արտահայտվում նրա մասին: Հիմա Ռուբեն Վարդանյանը ստեղծել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժումը, որին տարբեր ոլորտները ներկայացնող փորձառու մարդիկ են անդամակցում, այդ թվում՝ գեներալ Դավիթ Մանուկյանը: Ընդ որում, նրանք նշում են՝ իրենց սկսած պրոցեսը որևէ մեկի դեմ չէ, այլ հանուն Արցախի, և, որ իրենց շարժումը ոչ միայն ՀՀ հակաարցախյան քաղաքականության արդյունքում է ստեղծվել, այլ Արցախում տեղի ունեցող խմորումների:

Ի՞նչ խմորումներ կան, ինչո՞ւ այսօրվա ծանր պայմաններում Արցախում չեն համախմբվում, այնպես, ինչպես 90-ականներին, երբ դարձյալ գաղափարական, քաղաքական որոշակի տարաձայնություններ կային:

– Եզակի են այն մարդիկ, որոնք այս դժվարին պայմաններում տեղափոխվեցին Արցախ և որոշեցին իրենց հնարավորությունների սահմանում օգտակար լինել մեր ժողովրդին: Նրանցից մեկը Ռուբեն Վարդանյանն է, ում հարգում եմ և բավականին բարձր գնահատում նրա մարդկային, բարոյական և մասնագիտական որակները: Պետնախարարի պաշտոնում նա մնաց շուրջ 100 օր: Չգիտեմ՝ ում համար ինչպես, բայց, իմ ընկալմամբ, Վարդանյանը կարողացավ իր պաշտոնեական պարտականություններից զատ՝ անել մի բան, որը դժվար թե կարողանար անել մեկ ուրիշը: Նա կարողացավ ինչ-որ ժամանակահատվածում Արցախում տիրող իրավիճակը դարձնել միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցների գրեթե ամենօրյա քննարկման թեմա… Հիմա կդժվարանամ մեր ընթերցողին մանրամասնել դրա կարևորությունը, բայց, որ ժամանակակից տեղեկատվական աշխարհում դրա անհրաժեշտությունը պահանջված է, կասկած չունեմ: Ինչ վերաբերում է ներքին խմորումներին, դա բնական է, և կարծում եմ՝ ժամանակի ընթացքում տարակարծիք արժանիներն իրար հասկանալով՝ կգան ընդհանուր հայտարարի…

– 30 տարիների ընթացքում ե՞րբ են ՀՀ-ի և Արցախի իշխանությունների մեջ եղել տարաձայնություններ, ինչի՞ շուրջ, ինչպե՞ս են դրանք հարթվել: Եվ ո՞րն է ճիշտ՝ ինչ-ինչ տարաձայնությունների առկայությո՞ւնը, թե՞ ներդաշնակ կամ ներդաշնակեցված համագործակցությունը:

– Տարաձայնություններ իրականում եղել են: Եղել է 1992-ի մայիսին, երբ պետք է ազատագրվեր Հայոց Շուշին, իսկ ՀՀ օրվա իշխանությունները դեմ էին այդ օպերացիային, հետո, երբ նույն իշխանությունները 1993-ի հունիսին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից պահանջում էին Ադրբեջանին վերադարձնել ամիսներ առաջ ազատագրված հայկական Քարվաճառը… Հակասություն ստեղծվեց նաև 1997-ի վերջերին, երբ ՀՀ նախագահը շրջանառության մեջ դրեց Արցախյան հիմնախնդրի լուծման փուլային տարբերակը: Պետք է ասել, որ նշված երեք դեպքերում էլ հակասությունները հարթվեցին ի շահ հայ ժողովրդի:

– Ո՞րն էր հարմար պահը, երբ Հայաստանը պիտի դե յուրե ճանաչեր Արցախի անկախությունը:

– Ես այն կարծիքին եմ, որ Արցախի անկախությունն առաջինը պետք է ճանաչեր ոչ թե Հայաստանը, այլ՝ հենց Ադրբեջանը: Իսկ դրա համար մեզ ոչ թե «թավշյա հեղափոխություն» էր պետք, այլ ներքին ու արտաքին ճիշտ և հետևողական քաղաքականություն վարելու կամք:

– Շարքային արցախցին այսօր ի՞նչ է ցանկանում, ո՞ւմ է հավատում, ինչպե՞ս է ելքը տեսնում ստեղծված իրավիճակից:

– Շարքային արցախցին ցանկանում է անկախություն, ազատություն և բարգավաճ կյանք: Իսկ դրան հասնելու համար կա մեկ ճանապարհ՝ հավատալ սեփական ուժերին և պայքարել մինչև վերջ…

 – Դուք անձամբ ինչպե՞ս եք ելքը տեսնում, ո՞րն է այն մաքսիմումը, երբ պիտի անցնել կտրուկ քայլերի, առճակատման:

– Դա ոչ այնքան մեզնից է կախված, որքան մեր շուրջը տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներից… Իսկ այդ զարգացումներն օր օրի մեզ ավելի են մոտեցնում այդ հանգրվանին…

– Դուք երկար տարիներ ռազմական ոլորտում եք եղել, ըստ Ձեզ` ինչո՞ւ ձախողվեցին մեր փորձառու զինվորականները: Ի՞նչ գայթակղության չդիմացավ Ջալալ Հարությունյանը, ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները հատկապես թիրախավորել Միքայել Արզումանյանին: Դուք երկուսին էլ, կարծում եմ, բավականին ճանաչում եք:

– Ինչպես նախորդ պատերազմներում, այնպես էլ՝ այս անգամ, մեր զինվորները, իրոք, դրսևորեցին փայլուն մարտական որակներ, որոնք հատկապես երևացին ռազմական գործողությունների առաջին օրերին: Սակայն դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ հերոսական անձնակազմը չունի այն կառավարման համակարգը, որն ի զորու կլիներ գրագետ կազմակերպել ղեկավարումը: Իսկ Ջալալ Հարությունյանին դեռ պատմությունը կանդրադառնա, ինչ վերաբերում է Միքայել Արզումանյանին, ապա նրա հետ կատարվողը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն…

– Զինվորականներից, գեներալներից ո՞ւմ աչքերի մեջ կուզենայիք նայել և ի՞նչ կասեիք:

– Կասեի հետևյալը. «44-օրյա պատերազմում Դուք պարտվեցիք ոչ այնքան՝ թշնամուն, որքան՝ ինքներդ ձեզ… Դուք ունեիք բոլոր հնարավորություններն այդ առճակատմանը ևս պատվով դիմագրավելու, սակայն պարտվեցիք, քանզի կատարեցիք ոչ թե այն, ինչ գիտեիք և պարտավոր էիք կատարել, այլ այն, ինչը ձեզ պարտադրեցին կատարել ռազմական գործին անտեղյակները…»:

Տեսանյութեր

Լրահոս