Բաժիններ՝

Շատ վատ կլինի, եթե որոշեն, որ Երևանի գլխավոր հատակագծի պլան չի լինելու, կառավարության ծրագրերով է իրականանալու. ինչ ծրագիր ուզեն՝ կհաստատեն. Քաղաքաշինության դոկտոր

Մայիսի 18-ին կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք հիմնախնդիրներ և օրենսդրական նախաձեռնություններ:

Օրակարգի հարցերից մեկը վերաբերել է մայրաքաղաքի քաղաքաշինական խնդիրների վերհանմանը: Նպատակն էր՝ մասնագիտական քննարկման միջոցով դիտարկել լուծման հնարավոր տարբերակները: Խորհրդի կազմում ընդգրկված փորձառու ճարտարապետների, ինժեներների, բնագավառի այլ մասնագետների, ինչպես նաև Ճարտարապետների պալատի և Հայաստանի շինարարների միության ղեկավարների առաջարկները հավաքագրվելու և տրամադրվելու են Երևանի քաղաքապետարանին՝ մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման տեխնիկական առաջադրանքում ներառելու համար:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը շեշտել է օր առաջ նոր գլխավոր հատակագիծ ունենալու կարևորությունը, ինչը թույլ կտա առավել հիմնովին կանոնակարգել մայրաքաղաքի քաղաքաշինական խնդիրները:

Կարդացեք նաև

Քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի խոսքով՝ 15-20 տարին մեկ, ինչպես սովետական տարիներին, հատակագիծը փոխում են, որ զարգացման նոր ուղիներ ընդգրկվեն, առաջացած խնդիրները լուծվեն, նոր ստրատեգիաներ մշակվեն:

«2006 թվականին ընդունված գլխավոր հատակագծի վերջնաժամկետը 2020 թվականն էր: Մինչ 2006 թ. մի քանի տարի չեղավ գենպլան, ու ամեն ինչ հաստատում էր կառավարությունը, և այս խայտառակություններն այդ ծրագրերով եղան: Հիմա չգիտեմ, թե վերջին 2 տարում ինչով են առաջնորդվել, գուցե երկարաձգել են գլխավոր հատակագծի կիրառման ժամկետը: Շատ վատ կլինի, եթե որոշեն, որ գլխավոր հատակագծի պլան չի լինելու, կառավարության ծրագրերով է իրականանալու: Այս դեպքում ինչ ծրագիր ուզեն՝ կհաստատեն: Լուրեր են պտտվում, որ նոր հատակագիծ ունենալու ցանկությունը կապ ունի կառավարական համակարգը տարբեր տարածքներով «ցրելու» հետ։ Այդ նախագծով՝ նախարարությունները ոչ թե մեկ շենքի մեջ են լինելու, ինչպես հիմա է, այլ բաշխվելու են քաղաքով մեկ՝ ապակենտրոնացնելով կառավարական շենքերը։ Սա նուրբ ու խելամիտ ձևով պետք է արվի, այլապես խնդիրներ կառաջանան»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիամ Խաչատրյանը:

Նա կարևորեց ինչպես այս, այնպես էլ այլ ծրագրերում ու նախագծերում տարբեր սերնդի անձանց ներկայությունը, որպեսզի բազմակարծությունը հնարավորություն տա ընդունելու նոր և ճիշտ որոշումներ:

«Այլ երկրներում կա սերնդափոխություն: Ավելին, կրթության մակարդակը քիչ թե շատ նույնն է, իսկ մեզ մոտ մեկը ԽՍՀՄ տարիներին է կրթություն ստացել, մյուսը՝ Եվրոպայում, մեկը կիսատ-պռատ է դասի գնացել, մեկին դիպլոմը պապի շնորհիվ են տվել: Խառն է ամեն ինչ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս