Եթե հրաժարվենք Արցախից, մենք ոչինչ ենք, մեզ ոչ ոք չի հարգելու․ Աննա Մայիլյան
Անբարոյական գույների ժամանակներում ենք ապրում, և դրա ամենացավոտ դրվագը մեր զոհերի ծնողների հանդեպ կատարվողն է։ Ոչ երանի այն ընտանիքին, որը չի գիտակցում ու պատկերացնում, որ դա կարող էր նաև իր հետ պատահել, իրենց զավակը կարող էր զոհվել։ Պատերազմի յուրաքանչյուր զոհը մեր մեծ ընտանիքի անդամ է, և միայն պետության զգացողություն ունեցող անձը կարող է այդ զգացումն ապրել։ Իսկ եթե մարդը պետության զգացողություն չունի, նա մտածում է բացառապես սեփական բարեկեցության և ստամոքսի մասին։ Եթե յուրաքանչյուրս չզգանք, որ դա մեզ հետ էլ կարող է պատահել, կպատահի նաև մեզ հետ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը:
«Երբ զավակդ հողին է հանձնվել, այն զավակդ, որին ծնել, փայփայել, կրծքով կերակրել ես, ի՞նչը պետք է փոխարինի այդ երեխային։ Ցավալի բան եմ ասում, բայց այն ծնողների համար, որոնք դեռևս արդարացնում են այս վարչախմբին, միգուցե լա՞վ եղավ, որ իրենց երեխաները միացան հրեշտակներին։ Հոգևոր տեսանկյունից դա հենց այդպես է՝ Աստված փրկել է նրանց։ Հաճախ ծնողների սխալների պատճառով պատժվում է երեխան, մենք բոլորս պետք է դա գիտակցենք, հասկանանք և մեր քայլերում զգույշ լինենք։ Տվյալ դեպքում երեխաները փրկվել են, և հաշվի առնելով, որ ոչ ոք հավերժ չէ, և հարստությունն էլ փուչ է դառնում, մենք պետք է ունենանք այդ գիտակցությունը։ Մարդն իր ստեղծագործական, արարչական ունակություններով պետք է օգտակար գործ անի, ոչ թե իր խղճուկ ու կարճ կյանքի ընթացքում մտածի միայն դիզելու մասին։ Պետք է ձգտենք լավ ապրել, բայց ամեն ինչին չափ կա»,- ասաց արվեստագետը:
«Չկա պետական մտածելակերպ։ Ոչինչ չունենալով՝ թշնամին զրոյից ստեղծում է իր հայրենիքը, ընդ որում՝ մեր հաշվին։ Ամենաանբարոյական միտքը, որը կարող է ծնվել հայի ուղեղում, Արցախից հրաժարվելն է։ Ոչ մի դեպքում դա չի կարելի թույլ տալ, հայրենիքի որևէ հատվածից չի կարելի հրաժարվել, չի կարելի նաև սրտից և մտքից հանել Արարատը։ Դա անհնար է, հայը ծնվել է Արարատի ստորոտին, և դա ամենակարևոր էներգետիկ, հային սնուցող հատվածն է, Արարատից դուրս՝ հայը գոյություն չունի, իսկ եթե Արարատը հանում ես սրտից և մտքից, արդեն հայ չես։ Ապրում ենք զարմանալի ժամանակներում։ Ո՞վ կմտածեր, որ այսքան տարի հայրենիքը ծաղկուն և փթթուն պահելուց հետո այս վիճակին կհասնենք։ Այսօր ակտիվորեն քարոզում են, թե պիտի մոռանանք ամենը, դառնանք բուտաֆորիկ ազգ, դա սարսափելի է, անընդունելի։ Արժանապատիվ հայ քաղաքացիները չեն կարող դա ընդունել և բուտաֆորիա դառնալ»,- նշեց երգչուհին:
Մտավորականի պնդմամբ՝ թվում է, թե չպիտի առհասարակ Արցախի՝ մեր պատմական հայրենիքի մի մասը լինելու թեմայով բանավեճ ծավալվեր, դա բարոյական չէ, նորմալ, ազնիվ և արժանապատիվ չէ. «Եթե հրաժարվենք Արցախի գաղափարից, մենք ոչինչ ենք, մեզ ոչ ոք չի հարգելու, մենք ինքներս էլ մեզ չենք հարգելու՝ առանց Արցախի, ապա Սյունիքի։ Առանց այդ էլ դժվարությամբ էինք համակերպվել առանց Վանի, Կարինի, Կիլիկիայի, Արարատի ապրելուն։ Արարատն ամեն օր տեսնում և ափսոսում ենք, որ մեր տարածքում չէ, չենք ընդունում, որ այն մերը չէ։ Մեր մեջքը չպետք է կոտրվի, և նայելով այն մարդկանց, որոնք իրենց մեջ հաղթանակն են կրում, դա երևում է։ Մենք 90-ականներին ոչինչ չունենալով՝ հաղթահարել ենք բոլոր փորձությունները, այս ամենի մասին պետք է շատ խոսել, հիշել, երիտասարդ սերունդը պետք է իմանա, թե այս ամենն ինչ գնով է ձեռք բերվել, ինչ հերոս տղաներ ենք ունեցել, պետք է խոնարհվենք նրանց առջև»:
«Մենք տարօրինակ և անսովոր ազգ ենք, մի ակնթարթում կարող ենք նոր իրողություններն ընդունել։ Երբեք չի կարելի մոռանալ այն, ինչ ձեռք ես բերել։ Ինչպե՞ս կարելի է շենքն առանց հիմքի կառուցել, այն կփլվի։ Մենք հոգևոր գաղտնիքների տիրապետող ազգ ենք, մենք ուժեղ ենք, և դա միայն նյութական զենքը չէ, այն նաև չերևացող է։ Երևի մենք շատերին ոչ միայն աշխարհաքաղաքական առումով ենք խանգարում, այլ նաև մեր ներքին ուժով։ Մենք շատ ենք պարզունակացել, բայց պարզունակ ազգ չենք։ Եթե դա հասկանայինք, այս օրվան չէինք հասնի։ Որպես քաղաքացիներ՝ պիտի լինենք հերոսների մայրերի հետ, նրանց զավակներն իրենց կյանքերը զոհաբերել են, որ մենք ապրենք»,- ամփոփեց Աննա Մայիլյանը: