Սպանված տղաների ծնողների վրա վայրահաչող էգեր ու որձեր, եթե ապրումակցելու ունակ չեք, երեսներիդ վրա մի մատ տեղ ա, փակ պահեք. Նաիրա Փայտյան
Նաիրա Փայտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Տիկին Գայանեին ու առհասարակ զոհված զինվորների հարազատներին վիրավորողներ ու դատապարտողներ, որ հայտարարեցիք՝ կարող էինք պատերազմը կանգնեցնել, բայց կունենայինք նույն արդյունքը, իհարկե, առանց զոհերի, բա 5000 տղաների մայրերը դա լսելով՝ չեզրակացնե՞ն՝ ուրեմեն իրենց երեխեքին միտումնավոր տարել եք կազմակերպված սպանդի, բա որ հայտարարում եք՝ Արցախը նախկիններն են տվել Ադրբեջանին ու շատ վաղուց, 5000 երեխեքի ծնողները չեզրակացնե՞ն, որ եթե Արցախը վաղուց էր «հանձնված», ուրեմն ձեզ ուղղակի շատ շտապ 5000 զոհ էր հարկավոր, որ պարտության իմիտացիայով փաթեթավորած՝ Արցախը հանձնեք Ադրբեջանին։
Էդ հայտարարությունները գերագույնը չի արել, դո՛ւք եք արել, որովհետև նրա բերանում դո՛ւք եք լեզու դրել։ Նա ձե՛ր լեզվով էր խոսում ու ձե՛ր սրտից էր խոսում։
Տիկին Գայանեի սանրվածքը, հոնքերը, ժպիտը քննարկողներ, որ ձեզնից ծնվածի թուշը պաչում եք, էդ ջրալի պաչով նկարը դնում ֆբ պրոֆիլ ու նպատակային, ծրագրված սպանդի ենթարկված տղաների ծնողների հասցեին վայրահաչում, մի վայրկյանով ռիսկ կանե՞ք մտնել տիկին Գայանեի, Աստղի, Աննայի, Նառայի ու 5000 մայրերի մաշկի տակ, 2 մետր բոյով, կիրթ, զարգացած, լուսավոր հեռանկարով, հայրենասեր, կնամեծար, պատվախնդիր, անասելի սիրուն տղերքին ուղարկեք ազգ ու հայրենիք պաշտպանելու, բայց պարզվի, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել, բայց չի արվել, որ չասենք՝ դավաճան ես, Արցախը նախկինները վաղուց էին ճանաչել Ադրբեջանի մաս, ուղղակի չէին ասում, որ տրամադրություններս չընկնի։
Ձեզ զոռով տանելու եմ Տղաների տները, որտեղ հիշատակի անկյունները հոր ու մոր համար սրբատեղի են, որտեղ նրանք ամեն Աստծո օր Աստծուն աղոթում են մեռնելու, իրենց որդու մոտ գնալու համար։ Ռիսկ կանե՞ք լսել, թե ոնց է մայրը 2 ժամ պատմում իր տղայի մասին, շախմատի մեդալներն ու Ամերիկյան համալսարանի ուսանողական գրքույկը, կարդացած գրքերի շարքերը ցույց տալիս, իսկ երեկոյան զանգում ու հարցնում՝ կներեք, դուք էսօր մեր տուն եկել ե՞ք… ամուսինս ասեց, որ մեր տանն եք եղել, ես ձեզ տեսել ե՞մ, ձեզ հետ խոսել ե՞մ… բան չեմ հիշում։
Ռիսկ կանե՞ք լսել, թե Հայոց բանակում ծառայելու համար դրսի կյանքն ու բուհը թողած տղան ոնց է ֆագոտով թշնամու դասակի դեմ մեն-մենակ կռվել, վիրավորվել ու մի քանի օր հիվանդանոցում կյանքի ու մահու կռիվ տվել. մարմին չկա, ուղեղ չկա, միայն սիրտն է աշխատել, ու ցավից չխենթացած հայրը բժշկին խնդրել է՝ տղայիս սպերման գոնե պահեք, նրա մահից հետո արհեստական բեղմնավորմամբ գոնե իր երեխան ծնվի։
Սպանված տղաների ծնողների վրա վայրահաչող էգեր ու որձեր, եթե ապրումակցելու ունակ չեք, երեսներիդ վրա մի մատ տեղ ա, փակ պահեք»։