Բաժիններ՝

«Ես իմ աշխատանքն անում եմ ու անելու եմ». Արամ Նիկոլյանն առաջիկայում հանդես կգա ասուլիսով

Ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Երբ բեմում հայտնվեց Ադրբեջանի դրոշը, ոճաբան, դիզայներ Արամ Նիկոլյանն այն բեմ բարձրացնող աղջկա ձեռքից վերցրել էր, այրել ու վառվող դրոշը բեմից դուրս հանել: Դրանից հետո Արման Նիկոլյանին հանեցին դահլիճից, և արարողությունը շարունակվեց։

Միջադեպից հետո Արամ Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանություն, որոշ ժամանակ անց՝ բաց  թողել։

Միջադեպից օրեր անց «Հայկական ժամանակը» գրել էր, որ Արամ Նիկոլյանի մուտքն արգելված է պետական կառույցներ։ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը նաև գրել էր, որ Արամ Նիկոլյանն է հեղինակել երկրների ներկայացուցիչների զգեստները, որի համար, ըստ պայմանագրի, ստանալու է 18,9 մլն դրամ, որից 12,3 մլն դրամն արդեն ստացել է։

Այս միջադեպից հետո Ադրբեջանի իրավապահ մարմիններն էլ Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեցին։

Կարդացեք նաև

Ի դեպ, Արամ Նիկոլյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն արձագանքել էր այդ օրերին իշխանական մամուլում հրապարակվող, շատ հաճախ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններին: Նա, մասնավորապես, գրել էր, որ դրոշ այրելու համար Արամ Նիկոլյանը գումար չի ստացել, այդ կեղծ լուրը տարածում է «Հայկական ժամանակը», որի դեմ զրպարտություն տարածելու համար հայցադիմում է ներկայացվում։

168.am Արամ Նիկոլյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ստացել է իր աշխատանքի համար նախատեսված գումարի մի մասը, սակայն դիզայները հարցին չպատասխանեց, միայն ասաց, որ առաջիկայում հանդիպում կունենա լրագրողների հետ և կպատասխանի բոլոր հարցերին։

«Շուտով պլանավորում եմ հանդիպում լրագրողների հետ և կխոսեմ ամեն բանի մասին, հիմա մեկնաբանություն չեմ տալիս, իմ փաստաբանների հետ միասին, բոլոր հարցերի պատասխանները կստանաք»,- նշեց դիզայները։

Հարցին՝ այս պահին բնականոն աշխատո՞ւմ է, Արամ Նիկոլյանը պատասխանեց.

«Ես իմ աշխատանքն անում եմ ու անելու եմ, հիմա էլ աշխատանքի մեջ եմ»։

Տեսանյութեր

Լրահոս