«Ամեն մարդ մտածում է իր փչացածության աստիճանով». Հովիկ Աղազարյանը՝ աղջիկներին գրած վիրավորական հաղորդագրությունների մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր խորհրդարանում րագրողների հետ զրույցում ասաց, որ դեռևս չեն պարզել, թե իր ֆեյսբուքյան էջն ով է կոտրել և իր անունից մեսինջերով վիրավորական հաղորդագրություններ գրել աղջիկներին։
Լրագրողների դիտարկմանը, որ մարդիկ մտածում են, որ էջը չեն կոտրել, այլ նման բովանդակությամբ հաղորդագրություններ հենց ինքն է գրել, Հովիկ Աղազարյանը հակադարձեց.
«Ամեն մարդ մտածում է իր փչացածության աստիճանով»։
Միաժամանակ նա ասաց, որ առաջին անգամ չէ, երբ իր ֆեյսբուքյան էջը կոտրում են։
«Մի անգամ էլ է եղել, այդ ժամանակ չեմ հիշում՝ ինչ էին գրել, լրիվ անձնական բնույթի բաներ էին։ Չեմ պարզել՝ ով է գրել»։
Միաժամանակ նա ասաց, որ իրավապահներին չի դիմել, որպեսզի պարզեն, թե ով է էջը կոտրել, նշելով, որ դրա կարիքը չկա։
«Եթե մենք նմանատիպ հիմարություններով ծանրաբեռնենք իրավապահ մարմիններին, ապա դա մեր հակառակորդների համար գործիք կհանդիսանա, որպեսզի մեր իրավապահներին ծանրաբեռնենք այնքան, որ չկարողանան այլ գործերով զբաղվեն»:
Լրագրողների հարցին՝ միջազգային հանրությունից ինչո՞ւ էր ներողություն խնդրում, երբ սահմանին Ադրբեջանի կողմից հայ զինվոր է սպանվում, բայց այդ նույն միջազգային հանրությունը չի արձագանքում, Հովիկ Աղազարյանը պատասխանեց.
«Այդ գնահատականը վերաբերում է բոլորին, բոլորին»։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, դահլիճում ներկա դիզայներ Արամ Նիկոլյանը բեմից հեռացրեց և այրեց Ադրբեջանի դրոշը, ինչից հետո ՔՊ-ական բազմաթիվ պատգամավորներ, իշխանամերձ շրջանակներ սկսեցին սոցիալական հարթակներում քննադատել այդ արարքը, իսկ Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ կատարվածի համար ներողություն խնդրեց միջազգային հանրությունից։ Երբ օգտատերերը Հովիկ Աղազարյանին հիշեցրել էին, ինչի համար է Արամ Նիկոլյանը այրել Ադրբեջանի դրոշը, նա մասնավորապես աղջիկ օգտատերերին վիրավորական հաղորդագրություններ էր գրել։ Իսկ հետո ասել էր, որ գրողն ինքը չէ, ֆեյսբուքյան էջը կոտրել են։