Ինչո՞ւ է մինչև հիմա Աշոտիկը մնացել Երևանի փողոցներում. նա պետք է լիներ Բաքվում. Էդգար Ղազարյան
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը վստահ է, որ Աշոտ Փաշինյանի հետ կապված աղմուկը բարձրացվել է հանրության ուշադրությունը շեղելու համար:
«Ոչ միայն բրյուսելյան հանդիպումից են շեղում, այլև կոկաինի դեպքից, Սոթքի շրջանում երեկվա մարտական գործողություններից: Այս պրիմիտիվ սցենարի խաղարկումով և երեկվա ամբողջ լրահոսն ու հասարակական տրամադրությունները դրա վրա շեղելով՝ շեղում են ուշադրությունը շատ ավելի կարևոր և վտանգավոր խնդիրներից ու զարգացումներից: Առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքին դարձնում է թիրախ հասարակական հարաբերություններում, օգտագործում է հատկապես իր երեխաների հանգամանքը: Եթե հիշում եք՝ Աշոտիկը դեռ 2021թ. հունիսից պետք է գտնվեր Բաքվում, որովհետև նրա հայրը նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ հունիսին, հայտարարեց, որ պատրաստ է իր որդուն հանձնել Բաքվին՝ գերու կամ ցանկացած այլ կարգավիճակում՝ գերիների դիմաց: Փաշինյանը հանրահավաքի վայրից հանձնարարական տվեց ԱԱԾ-ին՝ սկսել բանակցություններ՝ այդ փոխանակումն իրականացնելու նպատակով: Պետք է պարզել՝ ԱԱԾ անգործությունն ինչո՞վ է պայմանավորված, մինչև հիմա ինչո՞ւ վարչապետի այդ հանձնարարությունը չեն կատարել, և ինչո՞ւ է մինչև հիմա Աշոտիկը մնացել Երևանի փողոցներում, երբ նա պետք է լիներ առնվազն Բաքվի փողոցներում, եթե ոչ՝ բանտում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Էդգար Ղազարյանի խոսքով՝ դատելով Փաշինյան ընտանիքի հայտարարություններից՝ նրանք Աշոտ Փաշինյանի ձեռքը կրակն են ընկել. «Ամեն զորակոչին հազարավոր երիտասարդներ բանակ են գնում, բայց Աշոտիկի ծանուցագիրն ստանալուց մինչև հավաքակայան… Ամբողջ ազգով զբաղված էին Աշոտիկին բանակ ուղարկելով: Երբ նա պետք է վիճակահանության մասնակցեր և այդպես որոշվեր, թե որտեղ է ծառայելու, ինչպես բոլոր զինծառայողները, ստիպեցին, որ այդ երեխան դիմում գրի, որ Արցախի ՊԲ-ում ծառայի՝ առանց վիճակահանության մասնակցելու: Ամբողջ ծառայության ընթացքում բազմաթիվ այցեր ու շոու-ներկայացումներ եղան:
Պատերազմի ժամանակ, երբ նա ենթակա չէր զորահավաքի, ասաց, որ նա պետք է կամավոր գնա: Հետո պատգամավորներին հանձնարարեցին ձոներ հյուսել Աշոտիկի ռազմական սխրանքների մասին: Դրանից հետո տարան ինչ-որ տեղ գարեջուր վաճառելու, սադրանքներ էին էլի հրահրում, տեսան՝ չի աշխատում: Հետո ասացին՝ բրուտագործի օգնական է, Փաշինյանն ասում էր՝ որդուն հարցնում է՝ գրանցվա՞ծ է, թե՞ ոչ, ինֆորմացիա էր էլի տալիս հարկային մարմիններին, որ չգրանցված աշխատող կա բրուտագործի մոտ, գնացեք՝ բռնեք, տուգանեք: Էդ փորձանքով էլ է անցել էդ երեխեն: Հիմա էլ հանել՝ գցել են փողոցները՝ անտեր-անտիրական»:
Նրա խոսքով՝ այս ամենում ամենամեծ պատասխանատվությունը ՊՊԾ պետինն է. «Պատկերացրեք՝ ոչ թե զոհված զինծառայողների ծնողներ կամ այլ քաղաքացիներ էին փողոցում հանդիպում Աշոտիկին, այլ իսկապես մի հատ կազմակերպված խումբ, որն առևանգում է վարչապետի որդուն, զենքի ճնշման տակ ստիպում է զանգել հորը, պահանջներ են ներկայացնում, որ նա, ենթադրենք, պետք է կատարի: Պետության ղեկավարի ընտանիքի անդամներն օրենքով հանդիսանում են պետական պահպանության օբյեկտ, և չի կարելի նրանց թողնել անտեր-անտիրական: Սա էլ այն դեպքը չէ, որ ասեն՝ Աշոտ Փաշինյանը հրաժարվել է այդ պահպանությունից. Բա Մարիամ Փաշինյանն ինչո՞ւ չի հրաժարվում: Վերջերս Գորիսում Մարիամիկի գլխին զոնտիկ էլ էին պահել անվտանգության աշխատակիցները, բա էդ Աշոտիկը՝ առանց զոնտիկ, առանց ավտո, առանց թիկնապահ, ինչո՞ւ է անտեր-անտիրական մնացել փողոցներում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում