Ցանկացած բանակցություն, որով ՀՀ իշխանությունները համաձայնելու են՝ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ անտեսելով ինքնորոշման իրավունքը, զուրկ է օրինական հիմքից․ ՀՀ և ԱՀ քաղաքական ուժերի հայտարարությունը

Հայաստանի և Արցախ Հանրապետությունների քաղաքական ուժերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Բրյուսելյան վերջին հանդիպման ավարտին հայտարարված արդյունքները, ինչպես նաև Ռեյկյավիկում Ն. Փաշինյանի կողմից հնչեցրած մոտեցումները խորը մտահոգություն են առաջացրել հայ ժողովրդի մոտ:

Աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում հայ-ադրբեջանական բանակցությունների արհեստական արագացումը, այն էլ ճնշումների և սպառնալիքների ներքո թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ չի բխում հայ ժողովրդի շահերից:

Այսպես.

1. Ցանկացած բանակցային բովանդակություն, ըստ որի Հայաստանի իշխանությունները համաձայնելու են, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ անտեսելով ինքնորոշման իրավունքը, զուրկ է օրինական հիմքից, քանզի հակասում է՝

• ՄԱԿ-ի կանոնադրությանը,

• Հելսինկյան եզրափակիչ ակտին,

• Արցախյան բանակցությունների միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, բանակցությունների ընթացքում ընդունված փաստաթղթերին,

• Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրությանը,

• Արցախի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և որևէ լիազորություն չունի Արցախյան բանակցությունների և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու և խոստումներ տալու, առավել ևս, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր տված խոստումներն ու կառավարության ծրագիրը Արցախյան հակամարտության և հայ-ադրբեջանական կարգավորումների հետ կապված պարունակում են բոլորովին այլ դրույթներ, քան հնչեցվում են միջազգային ձևաչափով տարբեր հանդիպումների ժամանակ և որևէ ամբիոնից պաշտոնական դիրքորոշում հայտնելիս:

3. Պետք է բացառել որևէ էքստերիտորիալ կոմունիկացիոն ցանկացած տիպի հաղորդակցում Հայաստանի Հանրապետության տարածքով:

4. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքներից անհապաղ պետք է դուրս բերվեն ադրբեջանական զորքերը:

5. 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հայ ռազմագերիների գտնվելը ադրբեջանական կալանավայրերում եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, և նրանց ազատ արձակումը հրամայական է, այլ ոչ՝ բանակցությունների առարկա:

6. Բաքվի և Ստեփանակերտի միջև ցանկացած հնարավոր երկխոսություն պետք է իրականացնել միջազգայնորեն ճանաչված ձևաչափով և հստակ երաշխիքներով՝ հիմնված կողմերի իրավահավասարության վրա, սահմանափակված չլինելով որևէ պարտադրված օրակարգով: Որևէ այլ ձևաչափ Արցախի ժողովրդի համար անընդունելի է:

7. Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները պետք է ամրագրեն առաջին Արցախյան պատերազմի արդյունքում տեղի ունեցած փոխադարձ դեանկլավիզացիան և պետք է բացառել վերադարձ անկլավներին:

8. Միջազգային հանրության գերակա պարտավորությունն ու առաքելությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում պետք է լինի հրադադարի պահպանման երաշխավորումը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, միջազգայնորեն ընդունված ձևաչափի գործարկումը, որպես բանակցային հարթակ և միջազգային իրավունքին համահունչ լուծումների առաջարկումը:

9. Անհապաղ պետք ապահովել Բերձորի /Լաչինի/ միջանցքի ապաշրջապակումը և նրա լիարժեք վերագործարկումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված պայմաններին համապատասխան:

Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ ցանկացած բանակցային արդյունք, որը կհակասի այս դրույթներին, անընդունելի է ու չի արտացոլում աշխարհասփյուռ հայության շահերը և Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ քաղաքական գործիչ իրավասու չէ բանավոր կամ գրավոր խոստումներ տալ կամ պարտավորություններ ստանձնել այս օրակարգից տարբերվող օրակարգով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն

«Ազատություն» կուսակցություն

«Ազգային համաձայնություն» կուսակցություն

«Ազգային անվտանգություն» կուսակցություն

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություն

«Համերաշխություն» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն

«Հայաստանի Հանրապետական» Կուսակցություն

«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն»

«Հայաստանի Դեմոկրատական» Կուսակցություն

«Միացյալ Հայաստան» կուսակցություն

«Սահմանադրական իրավունք միություն» Կուսակցություն

«Վերածնված Հայաստան» կուսակցություն

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

Արցախի «Արդարություն» կուսակցություն

«Ազատ Հայրենիք» կուսակցություն

ՀՅԴ Արցախի կառույց

Արցախի ժողովրդավարական կուսակցույթուն

«Քաղաքական միացյալ դաշինք» կուսակցություն

«Ազգային միաբանություն» կուսակցություն

«Միասնական Հայրենիք» կուսակցություն

Արցախի Պահպանողական կուսակցություն

Արցախի Հանրապետական կուսակցություն

«Շարժում- 88» կուսակցություն

Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն

«Ազգային վերածնունդ» կուսակցություն»։

Տեսանյութեր

Լրահոս