Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները ատեստավորում չանցնելու դեպքում կզրկվեն աշխատանքից
Միջին մասնագիտական կրթություն ունեցող ավելի քան 1300 ուսուցիչներ կկարողանան դպրոցում աշխատել մինչև օգոստոսի 10–ը, իսկ ատեստավորման գործընթացին չմասնակցելու դեպքում կզրկվեն աշխատանքից:
Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:
«Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցելու և համապատասխան արդյունքներ գրանցելու դեպքում կկարողանան իրենց աշխատանքը շարունակել»,–ասաց նա։
Նրա խոսքով` հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ու խրախուսման նպատակով մեկնարկել է կամավոր ատեստավորման համար դիմողների գրանցման գործընթացը, որը կշարունակվի մինչև հուլիսի 15-ը: Այս տարի կամավոր ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները:
«Բացի այդ, չաշխատող ուսուցիչները կամ այն մասնագետները, որոնք 30 կրեդիտ ստանալու դեպքում պատրաստ են աշխատել դպրոցներում, կարող են համապատասխան արդյունքներ գրանցելու դեպքում միանգամից ընդունվել աշխատանքի ավելի լավ պայմաններով»,- ասաց փոխնախարարը:
Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժները ևս կարող են մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին և ունենալ հավելավճար ստանալու հնարավորություն: