Բաժիններ՝

«Ուրարտու»-ն 4-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում միմյանց հետ մրցեցին «Շիրակ»-ը և «Ուրարտու»-ն:

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած գավաթի եզրափակիչ հանդիպման մեկնարկին «Ուրարտու»-ն առաջին իսկ գրոհի ընթացքում գրավեց «Շիրակ»-ի դարպասը:

Գոլի հեղինակ դարձավ Դավիթ Խուրցիձեն: Գոլից մոտ 5 րոպե անց «Շիրակ»-ն անկյունայինի խաղարկումից հետո խփեց պատասխան գնդակը: Գոլն իր անվան դիմաց գրանցեց Մուսա Բակայոկոն:

Երկու գոլերից հետո թիմերը փոխանակվում էին գրոհներով՝ այդպես էլ միմյանց թույլ օղակը չգտնելով: Առաջին կեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Երկրորդ կեսում «Շիրակ»-ին հաջողվում էր համեմատաբար ավելի շատ տիրել գնդակին, իսկ «Ուրարտու»-ն չէր իրացնում պահերը:

Հանդիպման 71-րդ րոպեին «Շիրակ»-ը մնաց 10 խաղացողով։ Երկրորդ դեղին քարտը ստանալով՝ հեռացվեց գոլի հեղինակ Մուսա Բակայոկոն:

«Ուրարտու»-ն օգտագործեց իր առավելությունը և առաջ անցավ հաշվի մեջ․ փոխարինման դուրս եկած Կարեն Մելքոնյանը հեռահար հարվածով գրավեց «Շիրակ»-ի դարպասը:

«Շիրակ»-«Ուրարտու»՝ 1:2: «Ուրարտու»-ն 4-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր: «Ուրարտու»-ն Հայաստանի գավաթի եզրափակիչ հասել էր 10-րդ անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս