Առողջապահության նախարարության կողմից ներկայացվել են պետբյուջեի կատարման հաշվետվություններ, որոնք կազմվել են սահմանված պահանջները չպահպանելով. ի՞նչ է պարզել ՀՊ-ն
Հաշվեքննիչ պալատը հանրայնացրել է Առողջապահության նախարարության 2022 թվականի պետական բյուջեի տարեկան մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման մասին եզրակացությունը: Հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը 2022 թվականի հունվարի 1-ից 2022 թվականի դեկտեմբերի 31-ն է, կատարման ժամկետը՝ 2023 թվականի հունվարի 9-ից 2023 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:
Եզրակացությամբ արձանագրվել է, որ2022 թ.-ին, բացի տարեկան պետական բյուջեի ԱՆ համար նախատեսված շուրջ 117 միլիարդ 808 միլիոն 508 հազար դրամ գումարը,կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման շրջանակներում նախարարության ներկայացմամբ կառավարության 5 որոշումներով նախարարությանը հատկացվել է ևս 10 միլիարդ 466 միլիոն 626 հազար դրամ:
Հաշվեքննության մի քանի ուշագրավ դրվագներ՝ ստորև.
Հաշվեքննությունից պարզ է դառնում, որ չնայած այն հանգամանքին, որ բժշկական ծառայությունների գների հաշվարկման մեթոդաբանությունը հաստատվել է դեռ 2019 թվականին, սակայն առ հաշվեքննության ավարտի օրն այն չի կիրառվում, նախարարությունը չի ապահովել նաև կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318 Ն որոշմամբ սահմանված բժշկական օգնության և սպասարկման գների հաստատման կարգի պահանջների կատարումը, ինչի հետևանքով բացակայում են ոլորտում ծառայությունների համար կիրառվող գների իրավամեթոդաբանական հիմնավորումները:
Հաշվեքննողն արձանագրել է նաև, որ նախարարության կողմից ներկայացվել են պետբյուջեի կատարման հաշվետվություններ, որոնք կազմվել են՝ չպահպանելով սահմանված պահանջները:
Մասնավորապես՝
2021թ․ դեկտեմբերի 16-ից մինչև 31-ը ընկած ժամանակահատվածի գործառնությունների ցուցանիշները շուրջ 4 միլիարդ 714 միլիոն 371.4 հազար դրամի չափով 2021 թվականի հաշվետվություններում արտացոլվելու փոխարեն՝ արտացոլվել են 2022թ․ հաշվետվություններում։
2022 թվականի 12 ամիսների ընթացքում Կովիդ միջոցառման շրջանակներում կատարված ընդամենը 10 միլիարդ 854 միլիոն 250 հազար դրամ փաստացի ծախսից (որից պահուստային ֆոնդից ֆինանսավորված՝ 10,466,626.4 հազ. դրամ) 5 միլիարդ 126 միլիոն 122 հազար դրամը վերագրվում են նախորդ հաշվետու ժամանակաշրջաններին, որի վերաբերյալ տվյալները ֆինանսների նախարարի հրամանով հաստատված «Հաշվետվություն հիմնարկների դեբիտորական, կրեդիտորական պարտքերի և պահեստավորված միջոցների» հաշվետվությամբ նախարարությունը տարեսկզբին կրեդիտորական պարտք չի արտացոլել՝ «այն դեպքում, երբ փաստացի 2022 թվականի սկզբի դրությամբ ունեցել է կրեդիտորական պարտք՝ 5,126,122.1 հազ. դրամ, որից բ/կ-ների մասով՝ 3,439,177.9 հազ. դրամի չափով, իսկ բուժանձնակազմի լրավճարի մասով՝ 1,686,944.2 հազ. դրամի չափով:
Ըստ այդմ, ԱՆ «Հիմնարկի կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին» /ձև Հ-2/, ինչպես նաև «Հաշվետվություն հիմնարկների դեբիտորական, կրեդիտորական պարտքերի և պահեստավորված միջոցների» /ձև Հ-4/ հաշվետվություններով փաստացի ծախսի և կրեդիտորական պարտքերի (տարեսկզբին) մասով առկա է ընդհանուր շուրջ 5 միլիարդ 126 միլիոն 22 հազար դրամի չափով խեղաթյուրում»:
Հաշվեքննողի կողմից խեղաթյուրումներ են դիտարկվել նաև «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» միջոցառման շրջանակներում:
Մեկ այլ անհամապատասխանության մասին ևս. պատվաստումների վերաբերյալ տվյալների (ըստ պատվաստվողների թվի, պատվաստման ժամանակահատվածի, պատվաստման փուլերի, պատվաստումն իրականացրած բուժհաստատության անվանման, պատվաստանյութի տեսակի) բացակայության պատճառով հնարավոր չի եղել ուսումնասիրել տվյալ միջոցառման շրջանակներում հատկացված միջոցների ծախսման ճշտությունը, քանի որ պատվաստումներ իրականացրած բուժանձնակազմի լրավճարի համար կատարված ծախսերը, համաձայն նախարարության կողմից տրված պարզաբանման, հնարավոր չէ արտահանել էլեկտրոնային առողջապահության համակարգից:
Առողջապահության նախարարության կողմից իրականացված գնումների վերաբերյալ.
Օրինակ, նախարարությունը բժշկական սարքերի ձեռքբերման անհրաժեշտությունը՝ պայմանավորված երկու անգամ ձախողված «Էլեկտրոնային աճուրդ» գնման ընթացակարգով, հիմնավորվել է՝ որպես արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագած գնման անհետաձգելի պահանջ և կատարել գնումներ՝ «մեկ անձից» գնման ընթացակարգով «Աննարկա» ՍՊԸ-ի հետ:
«Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ-ի հետ էլ 9 միլիոն 699 հազար գնով պայմանագրի բնութագրով սահմանված 7 կազմակերպությունում ներքին աուդիտ իրականացնելու փոխարեն՝ նախարարության կողմից պատվիրվել և ՍՊԸ-ի կողմից իրականացվել է 6 կազմակերպությունում, ընդ որում, վճարվել է պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը: