Ֆինանսական խողովակներով շարունակվում է գումարների մեծածավալ հոսքը
Մասնավոր փոխանցումների տեսքով դրսից, հիմնականում՝ Ռուսաստանից, շարունակում են մեծ փողեր գալ Հայաստան։ Այդ փողերի մի մասը մնում է ներսում, իսկ մյուս մասը՝ Հայաստանի միջոցով դուրս է գալիս ու գնում այլ երկրներ։ Թե ո՞ւր, շատ դեպքում անհայտ է մնում. Կենտրոնական բանկը գերադասում է չբացահայտել դրանց ուղղությունները։
Տարվա առաջին երեք ամիսներին միայն բանկային համակարգի միջոցով Հայաստան է մտել գրեթե 1,6 մլրդ դոլար։
Շուրջ 3 անգամ ավել, քան եկել էր անցած տարի։ Հունվարին ստացվել է 386 միլիոն, փետրվարին՝ ռեկորդային 713 միլիոն, և մարտին՝ 482 միլիոն։
Փետրվարի համեմատ՝ մարտին մուտքերը զգալիորեն նվազել են ավելի քան 231 մլն դոլարով, բայց կրկնակի ավել են եղել, քան նախորդ տարվա մարտին։
Գումարների մեծ մասը շարունակում է ստացվել Ռուսաստանից. 1 մլրդ 582 միլիոնից՝ 1 միլիարդ 219 միլիոնը։ Այն կազմել է ընդհանուր մուտքերի ավելի քան 77 տոկոսը։
Ռուսաստանից ֆինանսական հոսքերը երեք ամսում ավելացել են 980 միլիոնով կամ 5,1 անգամով։
Թեև գնալով նկատվում է աճի տեմպի դանդաղում։ Այդ երևույթն առաջիկայում ավելի ակնառու կդառնա՝ կապված նախորդ տարվա բազային էֆեկտի դրսևորման հետ։
Հայտնի է, որ անցած տարվանից արձանագրվող տրանսֆերտային հոսքերը սկսեցին ակտիվանալ ապրիլ-մայիսից, ինչը շարունակում է պահպանվել մինչև հիմա։ Այդ ակտիվության արդյունքում հսկայական գումարներ են գալիս Հայաստան, չնայած դրանց մի մասը նույն ակտիվությամբ դուրս են գնում։
Այս տարվա առաջին եռամսյակում ստացվել է 1 մլրդ 582 միլիոն, դուրս է գնացել 1 միլիարդ 29 միլիոն։
Արտահոսքի ակտիվացում է նկատվել հատկապես մարտին։ Մարտի մուտքերը կազմել են 482 միլիոն, ելքերը՝ 431 միլիոն։ Դրական հաշվեկշիռը ընդամենը 51 միլիոն է, որը զգալիորեն զիջում է նույնիսկ նախորդ տարվա մակարդակը, երբ դեռևս չէր սկսվել տրանսֆերտային միջոցների «գրոհը»։
Անցած տարվա մարտին դրական հաշվեկշիռը կազմել էր 93 միլիոն, 42 միլիոնով ավելի շատ, քան այս տարի։
Սա, անշուշտ, վատ միտում է։ Դա նշանակում է, որ ակտիվացել է գումարների արտահոսքը։ Մարտին այդ երևույթը կտրուկ խորացել է. 482 միլիոն մուտքերից ընդամենը 10-11 տոկոսն է մնացել Հայաստանում։ Մնացածը դուրս է եկել։
Թեև եռամսյակի կտրվածքով պատկերը շատ ավելի դրական է։ Տրանսֆերտային հոսքերի դրական հաշվեկշիռը կազմել է 553 միլիոն, ինչը 2,9 անգամով ավել է նախորդ տարվանից։ Նախորդ տարի այն կազմել էր ընդամենը 190 մլն դոլար։
Ֆինանսական միջոցների հսկայական հոսք է գալիս Հայաստան։ Բայց հայտնի է, որ այդ գումարները ոչ միշտ են, այսպես կոչված, մաքուր տրանսֆերտներ։ Դրանց մեջ քիչ չեն նաև զուտ առևտրային փոխանցումները, որոնք ակտիվացել են հատկապես Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով։ Դրանք գումարներ են, որոնք Հայաստանի միջոցով ֆինանսավորում են ներմուծումները։
Նաև սրա արդյունքում է, որ Հայաստանից հսկայական քանակությամբ արտահանումներ են իրականացվում Ռուսաստան։ Արտաքուստ դրանք զուտ հայկական են, բայց ունենում են նաև ռուսական ֆինանսավորում։
Առևտրային այս հսկայական հոսքերի սպասարկմամբ է պայմանավորված, որ մասնավոր ֆինանսական փոխանցումների ահռելի մուտքերն ուղեկցվում են ոչ պակաս մեծածավալ արտահոսքերով։
Հունվարին ֆիզիկական անձանց միջոցով Հայաստանից դուրս է եկել շուրջ 216 միլիոն, փետրվարին՝ ավելի քան 382 միլիոն, մարտին նույնիսկ ավելի շատ՝ 431 միլիոն դոլար։ Չնայած մարտի մուտքերը 231 միլիոնով պակաս էին փետրվարից, այդ ամսին արտահոսքը 49 միլիոնով ավելին է եղել։
Ֆինանսական այս հոսքերի մեջ բավական մեծ բաժին ունի արտաքին առևտրի ֆինանսավորումը։ Բայց այնպես չէ, որ հոսքերի ավելացումը գերազանցապես դրա հաշվին է։ Պատահական չէ, որ մեծ գումարներ մնում են ներսում։ Այլ բան, որ դրանք տնտեսության զարգացումներին չեն ծառայում։ Մնում են բանկերում քնած՝ որպես ավանդ։
Ֆինանսական այս հոսքերի արդյունքում է, որ հայաստանյան բանկերում կտրուկ ավելացել են ոչ ռեզիդենտների գումարները։ Նախկինում էլ այդպիսիք կային, բայց անցած տարի կտրուկ ավելացան։ Անցած տարի ոչ ռեզիդենտների ֆինանսական միջոցները բանկերում գրեթե 1,2 մլրդ դոլարով աճեցին։ Նախկինում երբևէ նման աճ չէր դրսևորվել։
Չնայած վերջին շրջանում այստեղ ևս որոշակի տեղաշարժեր են նկատվում՝ ակտիվացել է բանկերից այդ գումարների ելքը։ Ոչ ռեզիդենտների ավանդների նվազման միտում կա։
Ի տարբերություն Ռուսաստանի, այս տարվա առաջին երեք ամիսներին Միացյալ Նահանգներից քաղաքացիների փոխանցումները Հայաստան գրեթե չեն ավելացել։ Դրանք կազմել են 143 մլն դոլար։ Տարբերությունը նախորդ տարվանից ընդամենը կես միլիոն դոլարի կարգի է։
Առանձին ամիսներին Միացյալ Նահանգներից փոխանցումները նույնիսկ կրճատվել են։ Այդպիսին է վիճակագրությունը մասնավորապես մարտին. 1,7 միլիոնով պակաս մուտք է եղել, քան անցած տարի։
Ռուսաստանից ու Միացյալ Նահանգներից տրանսֆերտների տեսքով այս տարի ստացվել է 1 մլրդ 362 միլիոն դոլար, մնացած բոլոր երկրներից՝ 220 միլիոն, ինչը կազմել է ընդհանուր մուտքերի ընդամենը 14 տոկոսը։
Ստացված ֆինանսական հոսքերի 86 տոկոսի աղբյուրը եղել է Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները։ Սակայն, եթե 143 միլիոն մուտքի դիմաց 90 միլիոնը Հայաստանից վերադարձել է Միացյալ Նահանգներ, ապա Ռուսաստանից 1 մլրդ 219 միլիոնի դիմաց վերադարձել է ընդամենը 140 մլն դոլար՝ գրեթե 9 անգամ ավելի քիչ, քան ստացվել է։ Մնացած գումարը գնացել է այլ երկրներ կամ մնացել Հայաստանում։
Տրանսֆերտային միջոցների այս հոսքերը վկայում են, որ տարեսկզբին Հայաստանի ֆինանսական խողովակներով շարունակվել է գումարների մեծածավալ տեղաշարժը։ Այլ բան, որ այդպես էլ իշխանությունները չկարողացան օգտվել այդ արտակարգ հնարավորությունից և այդ գումարներն ուղղել ներքին տնտեսության ներուժի բարձրացմանն ու կարողությունների ավելացմանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ