2.5 տարի ապրում ենք «Չարի վերջը» հեքիաթում… էլ տալու կկվի ձագ չունենք. կա՛մ Ադրբեջանը կտրոհվի, կա՛մ կուլ կտա Հայաստանը. Ավետիք Չալաբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանն է:
Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.
• Ամեն անգամ, երբ կա բանակցային գործընթաց, Ադրբեջանը փորձում է առավելապաշտական պահանջներ դնել, դիմում է սադրանքների, հայկական կողմն էլ համաձայնում է, հետո Ադրբեջանը պահանջներն ավելացնում է: 2.5 տարի է՝ ապրում ենք այնպես, ինչպես «Չարի վերջը» հեքիաթում… էլ կկու չունենք տալու:
• Ադրբեջանը չի թաքցնում իր ցեղասպան նկրտումները:
• Այս անգամ Ադրբեջանի սադրանքների արդյունքներն իրենց համար անակնկալ էին: Սոթքում և Գեղարքունիքի մարզի դեպքերը ցույց տվեցին, որ ունենք բանակ, որը կարող է դիմադրել։ Մեր զինված ուժը գրագետ և հմուտ դիմադրություն ցույց տվեց:
• Արցախը կախված է բարակ թելից:
• Ադրբեջանն անընդհատ և հետևողականորեն խաղարկում է բանակցությունների ընթացքում մաքսիմումը կորզելու քաղաքականությունը:
• Ամեն անգամ հայկական կողմի հերթական զիջումը կուլ տալով՝ Ալիևն առաջ է գնում, քանի որ դիմացը Փաշինյանի նման անողնաշարն է կանգնած:
• Փաշինյանը գոնե կարող էր ասել, թե մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե նրանք էլ ճանաչեն մերը, բայց, չգիտես ինչու, Հայաստանի իշխանությունները միակողմանի պատրաստակամություն են հայտնում ճանաչել հակառակորդ երկրի տարածքային ամբողջականությունը: Ալիևի ախորժակն էլ անընդհատ բացվում է:
• Ջերմուկի դեպքերի ժամանակ, երբ ունեցանք մարդկային և տարածքային կորուստներ, ունեինք լուրջ սպառազինություն, բայց չեն աշխատել, ինչո՞ւ, որովհետև հրաման չկար:
• Զինվորն ավտոմատով էր կրակում, իսկ նրա դեմ բայրաքթար էր օգտագործվում. մենք ինչո՞ւ չէինք օգտագործում, օրինակ, ՍՈՒ-երը, ասում էին՝ որովհետև հրթիռ չունենք: Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ չունենք:
• Եթե այս իշխանությունը ցանկություն և կարողություն ունենար՝ կլուծեր բոլոր հարցերը։ Չի լուծում, որ ամեն անգամ բողոքի ռուսներից:
• Ինչո՞ւ նախկին իշխանությունների ժամանակ ինքնաթիռն էլ կար, հրթիռներ էլ, որովհետև այս իշխանությունը ռուս-արևմտյան հակամարտությունը տեսնելով՝ շեղվել է դեպի Արևմուտք:
• Եվրոպան չունի սպառազինություն, որ մեզ մատակարարի:
• ԵՄ դիտորդներն ի՞նչ արդյունք են տվել, կարող եմ ասել՝ ոչ մի:
• Սա Հայաստան-Ադրբեջան կյանքի կռիվ է, այս հակամարտությունից մի երկիր է դուրս գալու, երկար է տևելու, կա՛մ Ադրբեջանը կտրոհվի, կա՛մ էլ կուլ կտա Հայաստանը:
• Խաղաղությունն այս իշխանությունների դատարկ պրոպագանդան է:
• Հնդկաստանն ունի բարենպաստ հարաբերություններ և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ, որպես արագ աճող պետություն՝ շահագրգռված է իր ռազմատեխնիկական հնարավորությունները տարածել։ Եթե Հայաստանը գնի հնդկական զենք, լինելու է Հնդկաստանի առաջին գնորդը:
• Հնդկաստանը հասկանում է, որ Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան համագործակցության ֆոնի վրա առաջին վտանգն իրեն է ուղղված, և հիմա փորձում է ալյանս ձևավորել։ Հնդկաստանն Իրանի միջոցով փորձում է ճանապարհ հարթել դեպի Եվրոպա:
• Այսօր Ռուսաստանն իսկապես հնարավորություն չունի Հայաստանին էական սպառազինություն մատակարարել:
• Այս իշխանությունների գործունեության մոդելն է՝ հաջողության հասնելու և արձանագրելու փոխարեն, անհաջողություն արձանագրել, իսկ հետո անընդհատ արդարանալ կամ սրան-նրան մեղադրել:
• Արևմտյան երկրները մեկ միասնական վեկտոր ունեն՝ նվազեցնել Ռուսաստանի դերը տարածաշրջանում, բայցև յուրաքանչյուրն ունի իր ուրույն շահը տարածաշրջանում։
• ԱՄՆ-ը երկարաժամկետ խնդիր է փորձում լուծել՝ մեր տարածաշրջանից հակամարտությունը ներմուծել Ռուսաստան։ Եվրոպացիներն ավելի զգուշավոր են՝ ուզում են թուլացնել Ռուսաստանը, բայց չեն ուզում տրոհել, փլուզել Ռուսաստանը, չեն ուզում, որ Ռուսաստանում քաղաքացիական պատերազմ սկսվի, որովհետև այդ դեպքում ռուսները ոչ թե ԱՄՆ, այլ Եվրոպա են արտագաղթելու, ինչը միգրացիոն և այլ լուրջ խնդիրներ է առաջացնելու:
• Էսօրվա մեր իշխանությունն իր արժեքով մանրադրամային իշխանություն է։
• Ադրբեջանը սփյուռք է ձևավորում, ՀՀ իշխանությունները սփյուռքը քայքայում են։
• Այսօր խաղը թելադրողն Ադրբեջանն է, իսկ մենք դարձել ենք մանրադրամ, մենք պետք է նախաձեռնողական քաղաքականություն որդեգրենք, վերադարձնենք նախաձեռնող խաղացողի կարգավիճակը։
• Ռուսաստանն էական նահանջ է ապրել մեր տարածաշրջանում, որովհետև գործում է արխաիկ և կացնային մեթոդներով, փափուկ ուժի դաշտում նա չի կարողանում մրցել արևմտյան ախոյանների հետ։
• Հայաստանի իշխանությունները նաև Ռուսաստանի մոտ են վերածվել մանրադրամի։
• Ռուսաստանի այլընտրանքը ո՞րն է։ Երկար է տարածվել այն մտայնությունը, թե անվտանգության առումով այս տարածաշրջանում Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է։ Իրականում մենք պետք է կարողանանք կառուցել հուսալի անվտանգային ճարտարապետություն։ Մեր անվտանգության աղբյուրն առաջին հերթին մեր մեջ պետք է փնտրենք:
• Մեր արտաքին առևտրի վիճակագրությամբ մեր արտահանումն ու ներմուծումը մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է, հսկայական տարանցիկ հոսք կա Հայաստանում, իսկ սա լուրջ վտանգ է։ Եթե մենք չարաշահենք միկրոէլեկտրոնիկայի, չիպերի ներմուծումը, և դա գնա Ռուսաստան, մենք վտանգի տակ կդնենք միկրոէլեկտրոնիկայի, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը մեր երկրում: Մենք պետք է չկտրենք այն ճյուղը, որի վրա նստած ենք:
• Մեր պետությունը ստեղծվել է անկախության հռչակագրի հիմքերի վրա, ուստի ցանկացած իշխանություն, որն ուզում է հրաժարվել այդ հիմքերից, կխարխլի մեր պետության սահմանադրական կարգն ու հիմքերը։ Այդպես կարող են լուծարել ամբողջ պետությունն ու հայ ժողովրդին։
• Մենք փորձելու ենք քրեականացնել սահմանադրական կարգի դեմ ուղղված ոճրագործությունները, այն, ինչ հիմա կատարում են:
«Ազատ Արցախ-Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության նախաձեռնող խումբն առաջարկում է օրենսդրական փոփոխության ստորագրահավաք-քվեարկություն սկսել, որով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։ Նախաձեռնողները հիմք են ընդունում ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։ Մասնավորապես, Անկախության Հռչակագրում ամրագրված է երկու համազգային նպատակ․ Արցախի ու Հայաստանի հանրապետությունների միավորում ու Հայոց ցեղասպանության ճանաչում։ Սրանք մեր պետության կողմից սահմանված անժամկետ համազգային նպատակներն են։