Այս հանդիպումներն ավելի շատ Արևելք-Արևմուտք մրցավազք են՝ ուժային գոտիները բաժանելու համար. Գառնիկ Դավթյան
Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հինգշաբթի Կառավարության նիստում հայտարարեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ չնայած ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ գնացել է բախումների, ինքը բրյուսելյան հանդիպումից չի հրաժարվի։
Իսկ արդեն մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյրուն Բայրամովի հանդիպումը։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, խոսելով բրյուսելյան և դրան հաջորդող Միրզոյան-Բայրամով մոսկովյան հանդիպման մասին, նախ ասաց՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն առհասարակ մտադրություն չունի Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, քանի որ հասկանալիորեն տեսանելի է՝ Հայաստանի ոչ հայամետ կառավարությունն ունի զիջողականության և թուրք-ադրբեջանական շահերը սպասարկելու պատրաստակամություն։
«Այս ամենի համատեքստում «խաղաղության պայմանագիրը» սահմանափակելու է Ադրբեջանի պահանջներն ու ցանկություններն առ Հայաստան, ուստի չեմ հավատում, որ Ադրբեջանն իրապես ուզում է այն ստորագրել։ Ադրբեջանի կողմից ամեն անգամ նոր պահանջներ են ներկայացվում հայկական կողմին, ինչն էլ ավելի է մոտեցնում փակուղային իրավիճակի։ Հետևաբար, եթե այսպես շարունակվի, ապա իքս ժամանակ հետո Հայաստանը հայտնվելու է այնպիսի իրավիճակում, որ այլևս որևէ բան չի ունենա Ադրբեջանին զիջելու։ Թեպետ ՀՀ ներկայիս կառավարությունը մինչև կառավարության շենքի մուտք զիջել է ՀՀ բոլոր տարածքները։ Ընդհանուր քաղաքագիտական տրամաբանությունը հուշում է, որ ադրբեջանական կողմը նպատակ չունի ստորագրել «խաղաղության պայմանագրի» տակ»,- նշեց Գառնիկ Դավթյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ղեկավարների հանդիպումներին, փորձագետն ասաց, որ այդ հանդիպումներն ավելի շատ նման են ոչ թե հայկական ու ադրբեջանական կողմերի հանդիպման, այլ Արևմուտքի հաղթական արշավի, քանի որ մեկ գնում են Բրյուսել, մեկ՝ Վաշինգտոն։
«Կարծում եմ՝ երկու կողմերը, նկատի ունեմ Ռուսաստանին ու Արևմուտքին, փորձում են այս քաղաքական գործընթացում ունենալ էական ներդրում, որպեսզի հետագայում այդ ներդրմամբ կարողանան իրենց շահերը սպասարկել։ Եթե ռուսական կողմին հաջողվի «խաղաղության պայմանագիրը» ստորագրել իր նախաձեռնությամբ, իր կողմից միջնորդավորված կետերով, ապա ունենալու է լայն հնարավորություն Հարավային Կովկասում։ Եթե այդ ամենը լինի Արևմուտքի կողմից, ապա Հարավային Կովկասում զիջվելու են ռուսական կողմի շահերը։ Այսինքն՝ ընդհանուր այս բանակցությունները, հանդիպումները սպասարկում են ոչ թե խաղաղության օրակարգը, այլ՝ թե որ կողմն ավելի շուտ կհասնի արդյունքի՝ առանց հաշվի առնելու Արցախի ու արցախահայության շահերը։ Ես չեմ տեսնում այս փաստաթղթում այնպիսի ռեալ հնարավորություն, որը հայկական կողմին հնարավորություն կտա ինչ-որ չափով չեզոք վիճակով դուրս գալ իրավիճակից։ Հետևաբար՝ այդ հանդիպումներից որևէ լուրջ սպասելիքներ ու ակնկալիքներ չունեմ»,- հավելեց Գառնիկ Դավթյանը։
Նրա բնորոշմամբ, տպավորություն է, որ հայկական կողմը գործընթացը փորձում է երկարացնել՝ խուսափելով այնպիսի փաստաթուղթ ստորագրելուց, որը նաև վերջ կդնի իրենց իշխանությանը։ Ուստի որքան ձգեն գործընթացը, այնքան կմնան իրենց աթոռներին։
«Այս հանդիպումներն ավելի շատ Արևելք-Արևմուտք մրցավազք են՝ ուժային գոտիները բաժանելու համար, ունենալ քարտ-բլանշ, որպեսզի կարողանան Հարավային Կովկասում իրենց շահը սպասարկել։
Ինչ վերաբերում է Արցախին, ապա մոռացեք, որ երբևէ Ադրբեջանն արցախահայությանն ինչ-որ իրավունքներ կտա, սա ուղղակի պաթոս է և ինքնախաբեություն։ Ադրբեջանն ունի թելադրող դիրք, Արցախի ու Հայաստանի շուրջ բարելավված դիրքեր, հետևաբար, այսպես ասած՝ պարտվող կողմի հետ չի բանակցի՝ որպես հավասարը հավասարի։ Մոռացեք, որ Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները կարող են Ադրբեջանին ճնշել, որպեսզի նա Արցախի հետ նստի բանակցությունների սեղանի շուրջ»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։