Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին՝ահազանգելով, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 11-ի առավոտյան հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ինչպես տեղեկանում ենք վերոնշյալ հանձնաժողովի նախագահի` «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից, նա պահանջել է հրատապ արձագանքել, կիրառել պատժամիջոցներ, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիայի համար։
«Դեռ 2023 թվականի մարտի 15-ին միջազգային կառույցներին ահազանգել էի, որ Հայաստանում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ․ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի:
Բացի այդ, Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի մասին ահազանգել էի նաև ապրիլի 25-29-ին Բրյուսել կատարած այցիս ժամանակ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումներում։
Ցավոք միջազգային կառույցները, չնայած իրենց բոլոր մտահոգություններին, չկիրառեցին գործնական քայլեր՝ կանխելու Ադրբեջանի նոր ագրեսիան, որի հետևանքով արդեն ունենք 4 վիրավոր, կոպիտ ոտնահարվել են ՀՀ սահմանամերձ բնակիչների կյանքի և մյուս հիմնարար իրավունքները, և, առհասարակ, միջազգային իրավունքը:
Հրատապ գրություններ եմ ուղարկում միջազգային բոլոր գործընկերներիս՝ ահազանգելով, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները այսօր հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:»,- նշված է Թովմասյանի գրառման մեջ:
Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 11-ին ժամը 06:00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր: