Պետությունը խժռելու գռեհիկ արվեստը

Հայկական քաղաքական իրականության մեծագույն բլեֆը «ժողովրդի իշխանության» մասին թեզն է, որը բոլոր հնարավոր առիթներով կրկնում է Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին խոսելու նրա դրդապատճառները, իհարկե, բազմաթիվ են, սկսած քարոզչական մանր հաշվարկներից՝ մինչև պետությանը պատճառած աղետների հարցում սեփական մեղավորությունը ժողովրդի հետ կիսելու նենգ նպատակներ։

Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գործնականում օրգանական կապ չունի ժողովրդի, հանրային տրամադրությունների հետ։ Այո, 2021 թվականին նա ստացել է «պողպատյա մանդատ», բայց դրանից հետո սկսել է կատարել այն ստանալու համար իր տված խոստումներին տրամագծորեն հակառակ քայլեր։ Նրա իշխանության լեգիտիմության բացակայության մասին էին վկայում նաև ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկի կողմից վերջերս հրապարակված հարցումների տվյալները։

Դա, իհարկե, չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա հակապետական թեզերը հանրության շրջանում ընդհանրապես աջակցություն չեն վայելում։ Ոչ, նրա քարոզչությանը հաջողվել է մարդկանց ուղեղները լվանալ այնքան ու այնպես, որ հասարակության որոշակի հատված դեռևս մոլորությամբ սատարում է նրա ամեն մի քայլին։ Բայց դա լայն իմաստով անբովանդակ լեգիտիմություն է, որն ամենևին չի արտահայտում հանրության իրական տրամադրությունները։

Այսքանով հանդերձ, Նիկոլ Փաշինյանը դեռևս պահպանում է իշխանությունը։ Իսկ դա նշանակում է, որ չունենալով ներքին լեգիտիմություն, նրա իշխանությունը ձեռնտու է արտաքին խաղացողների, աշխարհաքաղաքական կենտրոնների համար, որոնք առաջնորդվում են ամեն ինչով, բացի Հայաստանի պետական շահից, ինչպես և այդ հարցում նրանց համար որպես գործընկեր հանդես եկող Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Վերջինիս հետաքրքրում է բացառապես սեփական իշխանության պահպանումը, որի երկարաձգման համար գործնականում պատրաստ է ամեն ինչի։ Իսկ դա նշանակում է, որ եթե Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը պահանջի իշխանության պահպանման շահերին հասնել պետական շահերի հաշվին, նա «անհոգնել» կիրականացնի դա։

Ներքին և արտաքին քաղաքականությունների միջև օրգանական կապ կա առանց բացառության բոլոր երկրներում։ Բայց եթե նորմալ պետություններում, որպես կանոն, արտաքին քաղաքականությունն է բխում ներքինից, ապա Հայաստանում ճիշտ հակառակն է՝ ներքին քաղաքականությունը գործնականում համապատասխանեցվում է  իշխանության պահպանման նպատակով վարվող արտաքին քաղաքականությանը, ինչը, ըստ էության, քաղաքական անոմալիա է։

Գործող քաղաքական ստատուս-քվոն որևէ հնարավորություն չի տալիս հանգուցալուծել այս դեգրադացիան, որովհետև պետականակենտրոն արտաքին քաղաքականություն ունենալու համար նախ անհրաժեշտ է ներքին՝ իրապես գաղափարական, մրցունակ ու կայուն քաղաքական համակարգ, որը չի կարող ձևավորվել այնքան ժամանակ, քանի դեռ իր վրա է կրում Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության տոտալ ազդեցությունը։ Նիկոլ Փաշինյանը իր բոլոր՝ ներքին և արտաքին քաղաքականություններն իրականացնում է ոչ թե ի նպաստ, այլ ի հաշիվ պետական շահի։

Որպես սպառողական գաղափարախոսության կարկառուն ներկայացուցիչ, նա պետությանը ևս վերաբերվում է որպես սպառման ենթակա կատեգորիայի և նրա հետ վարվում է առաջին իսկ պատահած բրդուճի հանգույն։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս