Բրյուսելում Նիկոլին փող են տալու՝ Հայաստանը Ռուսաստանի դեմ պոլիգոնի վերածելու համար. Նաիրա Զոհրաբյան

Ընդամենը մի քանի օրից՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում կհանդիպեն Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ինչպես հայտարարված է՝ քննարկելու Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։

Այս հանդիպումից օրեր առաջ Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն, բացելով հանդիպման օրակարգի մանրամասները, հայտարարել էր.

«Ճիշտ չէ, որ նիստը նվիրված է լինելու «անվտանգության երաշխիքներին։ Այն, բացի ԵՄ/ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններից, այլ հարցեր չի քննարկի։ Այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվի։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացած կլինի Հայաստանի տնտեսության կայունացման և այդ երկրի հետ երկկողմ հարաբերությունների վրա»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի մատնանշած տնտեսական կայունացումը Հայաստանին մի քիչ փող տալու գործընթացի հետ կապեց «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով.

Կարդացեք նաև

«Ընդամենը Հայաստանին մի քիչ փող են տալու՝ Հայաստանը հանձնելու, Հայաստանը Իրանի և Ռուսաստանի դեմ պոլիգոն դարձնելու համար։ Նիկոլին փող են տալու Հայաստանը պոլիգոնի վերածելու համար, հետևապես՝ խոսք անգամ լինել չի կարող որևէ անվտանգային երաշխիքի մասին»,- ասաց Զոհրաբյանը։

Նրա դիտարկմամբ՝ ամենևին էլ պատահական չեն Արևմուտքից հնչող հայտարարություններն առ այն, որ իրենք Հայաստանի անվտանգային երաշխավորը չեն դառնալու, իսկ նման պայմաններում գնալ հակառուսական քայլերի, նշանակում է՝ Հայաստանում ունենալ ոչ թե դավաճան, այլ թշնամական իշխանություն։

«Իմանալով, որ Արևմուտքը քեզ, բացի հումանիտար աջակցությունից, որևէ այլ բան չի տալու, տեսնելով Արևմուտքից եկող հայտարարությունները, որ Հայաստանի անվտանգության բարձիկը իրենք չեն դառնալու, ու գնալ նման հակառուսական քայլերի, գնալ և տրաքացնել Ռուսաստանի հետ Հայաստանի անվտանգային բարձիկները, դա կարող է անել միայն կոլաբորացիոնիստ՝ թշնամի իշխանությունը»,- ասաց Զոհրաբյանը։

Անդրադառնալով փաշինյանական իշխանության որոշ ներկայացուցիչների պնդումներին, թե ռուսական անվտանգային հովանոցը ծակ է, ուստի անհրաժեշտություն է դրա տակից դուրս գալը, Զոհրաբյանը նկատեց՝ իսկ ո՞վ ծակեց այդ հովանոցը։

«Իսկ հարց չի՞ առաջանում, թե ինչո՞ւ այդ հովանոցը մինչև 2018 թվականը ծակ չէր, Ռուսաստանը հստակ կատարում էր թե՛ ՀԱՊԿ-ով, թե՛ երկկողմ ստանձնած պարտավորությունները, զենքը գալիս էր Հայաստան և՛ փողով, և՛ անվճար։ Հարց չի՞ առաջանում, թե ինչու հենց 2018 թվականի տեռորից հետո այդ անձրևանոցը ծակվեց»,- հարցեր հնչեցրեց Զոհրաբյանը` ընդգծելով, որ Փաշինյանն ընդամենն Արևմուտքի ձեռքում գործիք է, իսկ ցանկացած գործիք ունի օգտագործման ժամկետ, ինչպես որ ուներ Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին, ուստի չեմ կարծում, որ Փաշինյանը դա հաշվի չի առել ու կգնա աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությանը միտված ռադիկալ քայլերի։

«Խոշոր հաշվով, գնա, թե ոչ, միևնույն է՝ Փաշինյանը պայթեցնելու է Հայաստանը, որ կողմ էլ որ գնա. նա երկիրն ու իրեն դրել է թակարդի մեջ։ Նիկոլով Հայաստանը այլևս որևէ ելք չունի։ Հայաստանը Նիկոլով աջ գնա՝ տրաքում է, ձախ գնա՝ տրաքում է, հետևապես՝ պետք է ազատագրվի Հայաստանը Նիկոլից»,- ասաց Զոհրաբյանը՝ շեշտելով՝ մեր պետականությանը սպառնացող վտանգն առավել ուժգնանում է, քանի որ Փաշինյանը համաձայնել է Ալիևի հետ գնալ երկկողմ բանակցությունների՝ Ալիևի թելադրանքով չեզոքացնելով հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման համար աշխատած միջնորդներին։

«Հայաստանի փուլային հանձնումը, Հայաստանի ադրբեջանականացումը տեղի է ունենում Ալիև-Նիկոլ երկխոսության ընթացքում՝ առանց միջնորդների»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս