Փաշինյանին հողեր ծախելու համար մեղադրողը կալանքի տակ է. 2020թ. հոկտեմբերի 8-ին ԱԱԾ-ի ակնարկած ու առաջադրված հոդվածները տարբեր են

Ի՞նչ է եղել Նիկոլ Փաշինյանին հողեր ծախելու մեջ մեղադրող սպա Ն.Մ.-ի հետ: 168.am-ը շարունակում է գնալ Փաշինյանի՝ պատերազմի օրերին, մասնավորապես, 2020 թվականի հոկտեմբերի 8-ին արած ֆեյսբուքյան գրառման հետքերով:

2020թ. հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել էր.

«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով՝ ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն, և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում»:

Կարդացեք նաև

Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը՝ մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ՝ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ»:

Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ զինծառայողների շրջանում կեղծ, խուճապ առաջացնող լուրեր տարածողը սպա է: ԱԱԾ-ն նշել էր նաև նրա անվան և ազգանվան սկզբնատառերը` Ն.Մ.։

«Ն.Մ.-ն այս սեպտեմբերի 27-ին Արցախում և Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N զորամասի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ և ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ և ստահոդ լուրեր է տարածել հայաստանյան իշխանությունների կողմից իբրև հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում, և իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է»,-  նշվում էր ԱԱԾ հաղորդագրության մեջ, այնուհետ շարունակվում.

«Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանում ձեռնարկելու է իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության վրա բացասաբար ազդեցություն ունեցող, զինծառայողների շրջանում սադրիչ կամ խուճապ առաջացնող տեղեկություններ տարածող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ և հորդորում է խստորեն պահպանել զինվորական կարգապահությունը:

Հայրենիքի պաշտպանության վեհ առաքելության խորը և համընդհանուր գիտակցության պայմաններում, ՀՀ ԱԱԾ-ն հարկ է համարում, այնուամենայնիվ, պարզաբանելու, որ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված պետական դավաճանության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու համար։ Թշնամու կողմն անցնելը, ի թիվս այլնի՝ դրսևորվում է ռազմական գործողությունների ժամանակ իշխանություններին չենթարկվելու կոչեր անելով»:

2023 թվականի մարտի 21-ին գրավոր հարցմամբ ԱԱԾ-ից հետաքրքրվել էինք՝ անցել է ավելի քան 2 տարի, ի՞նչ փուլում է քրեական գործը, ի՞նչ բացահայտվեց, ի՞նչ եղավ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում այդ ժամանակ ձերբակալված Ն. Մ.-ի հետ, արդյո՞ք եղել են այս գործով այլ մեղադրյալներ կամ կասկածյալներ:

Ապրիլի 4-ին մեզ հղված պատասխան-գրության մեջ ԱԱԾ-ն հայտնել էր.

«Նշված քրեական գործը (ըստ մեղադրանքի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով) 2021 թվականի մարտի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»:

Նշենք, որ հիշատակված 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածը վերաբերում էր զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելուն:

168.am-ն արդեն ապրիլի 13-ին հարցում էր ուղարկել նաև ՀՀ քննչական կոմիտե, մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանին հողեր ծախելու մեջ մեղադրող սպայի գործի առնչությամբ մեր հարցմանը պատասխանել են.

«Ձեր կողմից նշված դեպքով ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված թիվ 58228120 քրեական գործի /ներկայումս վարույթի/ շրջանակներում ձերբակալված Ն․Մ․-ին դեռևս 10․10․2020թ․ մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով, և նույն օրը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։

Նշված քրեական վարույթով ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանքներ են առաջադրվել 3 անձի։

Քրեական վարույթով իրականացվող նախաքննությունը շարունակվում է»:

Հետաքրքիր է՝ Ն.Մ.-ին առաջադրված մեղադրանքը պետական դավաճանության համար չէ, բայց ԱԱԾ-ն, չգիտես ինչու, 2020 թվականի հոկտեմբերի 8-ի իր հաղորդագրության մեջ հարկ էր համարել առանձնացնել կամ հիշեցնել հենց պետական դավաճանության մասին հոդվածը՝ «ՀՀ ԱԱԾ-ն հարկ է համարում, այնուամենայնիվ, պարզաբանելու, որ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված պետական դավաճանության համար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու համար»:

Ավելին, ինչպես վերևում հիշատակեցինք, ԱԱԾ-ն նույնիսկ շեշտել էր. «Թշնամու կողմն անցնելն ի թիվս այլնի՝ դրսևորվում է ռազմական գործողությունների ժամանակ իշխանություններին չենթարկվելու կոչեր անելով»:

44-օրյա պատերազմին առնչվող այս և մյուս դեպքերը պահելու ենք ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ քրեական գործերն ու դրանց շրջանակում դատական պրոցեսները:

Ի դեպ, ապրիլին ԱԱԾ-ից մեզ ասել էին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ԱԱԾ-ում պետական դավաճանության դեպքով հարուցվել է 1 քրեական գործ, այն էլ՝ մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը տեղի ունեցած փաստով:

Տեսանյութեր

Լրահոս