«Ունենք տեղեկություններ, որ մեր տղաներից կան Բաքվում ու ողջ են». Անհետ կորած զինվորի հարազատ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր հանձնաժողովում ընդունել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում գերեվարված ու անհետ կորած զինվորների ծնողներին  և քննարկել այն խնդիրները, որոնց բախվել են ծնողները պատերազմի ընթացքում։

Նրանք դժգոհում էին, որ իրենց որդիները գտնվում են գերության մեջ, սակայն ո՛չ  Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն հաստատում, նրանց  տրվել են մասունքներ, որոնք չեն համապատասխանում որդիների տվյալներին։

Թագուհի Թովմասյանը նախ ասաց, որ ծնողների հետ հանդիպումը ձգձգվում էր ԱԺ նիստերի պատճառով, քանի որ այդ օրերին պատգամավորները չեն կարողանում ապահովել քաղաքացիների մուտքը խորհրդարան։ Անվտանգային ինչ-ինչ խստացումներ են տեղի ունեցել վերջին շրջանում։

Անհետ կորած տղաներից մեկի հորեղբայրը՝ Էդիկ Արևշատյանը, ասաց, որ պատշաճ որևէ բան չի արվում այդ տղաների ճակատագրերը պարզելու ուղղությամբ։

Կարդացեք նաև

«Այդ երեխաների կարգավիճակի առումով՝ գերություն, զանգ, նամակ… որևէ բան չի արվում։

Երեկ լսեցինք, որ Թուրքիայում Ալեն Սիմոնյանն ասում է՝ առնվազն 33 գերի կա. բայց անհետ կորածների վերաբերյալ արդեն բացարձակապես որևէ բան չի խոսվում, մոտ 9 ամիս որևէ հարթակում որևէ բան չեն ներկայացնում։ Կառավարությունից ես արդեն որևէ ակնկալիք չունեմ, որովհետև պարզ տեսնում եմ, որ որևէ հարթակում բան չի ներկայացվում»,- նշեց Էդիկ Արևշատյանը։

Նա պատմեց, որ Հայաստանում ինչքան գերատեսչություններ կան, բոլորի դռները թակել են, բոլորը պատասխանել են, թե աշխատում են, սակայն փաստացի որևէ արդյունք չկա։

«Մենք լիովին վստահ ենք, որ մեր հարազատներն ադրբեջանական գերության մեջ են, փաստացի իրենց կարգավիճակը մնում է անհայտ։ Մեր ծնողներից որևէ մեկը ձեռքերը ծալած չի նստում, իրենք իրենց կապերով հասկանում են, որ տղաները ողջ են։ Այդ ԴՆԹ-ները որ տալիս են՝ սուտ է, մարդիկ կան, որ տեսանելի ապացուցում են՝ դա սուտ է։ Այնպես որ, մեզ համար բոլորը ողջ են, որովհետև ապացույցներ կան, իսկ թե ինչ է արվում, երևի բոլորն են տեղյակ, որ որևէ բան չի արվում»,- եզրափակեց անհետ կորածի հարազատը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս