Գտնվելով ապասուբյեկտայնացած վիճակում՝ Հայաստանը դժվար թե ի վիճակի լինի որևէ հակափաստարկ, առավել ևս՝ հակահարված հասցնել. Վահե Դավթյան
Արցախի շուրջ օղակն օրըստօրե սեղմվում է: Ու մինչ Հայաստանի իշխանությունները միջազգային հանրությունից սպասում են հասցեական գնահատականներ, փնտրում մեղավորներ, Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացնում, Բերձորի միջանցքում տեղակայվում են անցակետեր:
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը 168.am-ի հետ զրույցում շեշտեց՝ իրավիճակի միակ և ուղղակի պատասխանատուները Հայաստանի օրվա իշխանություններն են:
«Նրանք այս տարիների ընթացքում այնքան են սնանկացրել մեր ռազմավարական օրակարգը, որ այլևս մենք ստիպված ենք պոստ-ֆակտում քննարկել նման հարցեր: Իրականում, ինչպես և բազմաթիվ այլ հարցերում, այս հարցում ևս Երևանը, թերևս, սինխրոնիզացնում է իր քայլերը Բաքվի հետ:
Ստացվում է՝ նոյեմբերի 10-ի հայտարարությունը ենթարկված է սաբոտաժի, ինչը լիովին տեղավորվում է թե Բաքվի երկարաժամկետ, թե Հայաստանի օրվա իշխանությունների այսրոպեական շահերի մեջ: Հետևանքները շատ ծանր են, հատկապես, երբ հարցը դիտարկում ենք տարածաշրջանում Հայաստանի անվտանգային կարգավիճակի տեսանկյունից: Մասնավորապես, փաստացիորեն զիջելով Արցախը՝ Երևանը ցուցադրում է սեփական պատրաստակամությունը՝ գնալու ապասուբյեկտայնացման, ռեգիոնալ քաղաքականության օբյեկտ դառնալու ճանապարհով:
Նույն տրամաբանության ներքո վստահաբար ինչ-որ մի պահի Բաքուն հստակեցնելու է սեփական պահանջները ոչ միայն Սյունիքի, այլև Վայքի, Տավուշի, նաև Սևանի նկատմամբ,- շեշտեց Վահե Դավթյանը՝ նկատելով, որ գտնվելով ապասուբյեկտայնացած վիճակում՝ Հայաստանը դժվար թե ի վիճակի լինի որևէ հակափաստարկ, առավել ևս՝ հակահարված հասցնել,- Կրկին կփնտրեն մեղավորների: Այժմ, ըստ նրանց, մեղավորը Մոսկվան է, վաղը դա կլինի Բրյուսելը, էն մյուս օրը՝ Վաշինգտոնը, հետո՝ Թեհրանը, և այսպես շարունակ: Մի բան է պետք հասկանալ: Այս իշխանություն կոչվածները չունեն որևէ արտաքին վեկտոր. հետևաբար, պարբերաբար մի աշխարհաքաղաքական դերակատարի գրկից թռչելու են մյուսի գիրկը, ինչպես դա բազմիցս արել են 2018-ից ի վեր: Դրանից շատ հմտորեն օգտվում է թշնամին»:
Անդրադառնալով արձանագրումներին, որ ադրբեջանական շրջափակման հետևանքով շուրջ 5 ամիս չի հաջողվում վերականգնել Արցախը սնուցող միակ բարձրավոլտ օդային գիծը, արգելափակված է մնում նաև Արցախը բնական գազով սնուցող միակ գազատար խողովակը, իսկ Արցախի իշխանություններն ահազանգում են, որ Սարսանգի ՀԷԿ-ի, որն Արցախի էլեկտրամատակարարման միակ ռեսուրսն է, ջրային պաշարները գնալով նվազում են՝ էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետն ահազանգեց՝ Արցախն այսօր կանգնած է էներգետիկ անվտանգության լրջագույն խնդիրների առաջ:
«Ադրբեջանը Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելով՝ փորձելու է օգտագործել՝ հայաթափության քաղաքականություն իրականացնել:
Ի՞նչ է պետք անել. բնականաբար, հարցն այլևս զուտ ենթակառուցվածքային, տնտեսական չէ, այն ունի շատ հստակ աշխարհաքաղաքական բովանդակություն: Բայց, այնուամենայնիվ, Արցախի էներգետիկ համակարգին անհրաժեշտ է էական դիվերսիֆիկացիա: Ժամանակին քննարկվում էր Առաջաձոր-Քարվաճառ-Զոդ 110 կՎ բարձրավոլտ գծի կառուցման նախագիծը, որն էապես կտարատեսակացներ Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի արտահանումը, սակայն 44-օրյայից հետո, բնականաբար, նախագիծը սառեցվեց: Ու քանի որ Հայաստան-Արցախ էլեկտրահաղորդակցությունը տեսանելի ապագայում դժվար թե կայուն գործի, ապա Արցախին անհրաժեշտ է զարկ տալ ներքին էներգառեսուրսների օգտագործմանը. խոսքը, մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարների մասին է: Օրինակ, Ստեփանակերտի գլոբալ հորիզոնական ճառագայթման (GHI) արժեքը կազմում է 4,04 ԿՎտժ /մ2/օր, ինչն ավելի բարձր է, քան մայրցամաքային Եվրոպայի արևաշատ հատվածներում: Արևային էներգետիկայի զարգացման համար կան բոլոր նախադրյալները: Արևային և հողմային էներգիայի ներուժն Արցախում գերազանցում է 2000 ՄՎտ-ը»,- հավելեց Վահե Դավթյանը:
Ըստ նրա, սակայն, այս ծրագիրը հնարավոր կլինի կյանքի կոչել միայն այն դեպքում, երբ Արցախը կունենա անվտանգության երաշխավոր:
«Վերջինիս բացակայության պարագայում՝ այս էներգետիկ պոտենցիալն օգտագործվելու է Բաքվի կողմից: Իսկ նման ծրագրեր թշնամու կողմից արդեն մշակվում են: Ավելին՝ Բաքուն տրամադրված է ոչ միայն յուրացնել Արցախի էներգետիկ ռեսուրսները, այլև ստիպել Հայաստանին տուգանք վճարել Արցախից էլեկտրաէներգիայի ներկրման, Մաղավուզի ածխի հանքերի շահագործման, ջրային ռեսուրսների օգտագործման համար: Հայտնի է, որ այս նպատակով Բաքուն արդեն դիմել է միջազգային ատյաններ: Ինչպես տեսնում ենք, օղակը մեր շուրջ փորձում են սեղմել ամենատարբեր ճակատներում»,- հիշեցրեց քաղաքագետը: