Ի՞նչ անել, եթե առաջին դասարան ընդունվող երեխայի ծննդյան վկայականը թվայնացված չէ
Մայիսի 2-ից մեկնարկել է 2022-23 ուստարում ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարան գնացող երեխաների ընդունելության հայտագրմանն ընդառաջ տվյալների ստուգման գործընթացը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխանցմամբ՝ առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի համար պարտադիր է երեխայի տվյալների վավերականությունը ստուգել https://stugum.emis.am կայքում:
Եթե 1-ին դասարան ընդունվող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, ապա ստուգումն անցնելիս անհրաժեշտ է կատարել համապատասխան նշումը և սեղմել «Ստուգել» սեղմակը։
Եթե 1-ին դասարան ընդունվող երեխան տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունի, ապա անհրաժեշտ է կատարել համապատասխան նշումը, բացված դաշտում լրացնել դպրոցում արդեն սովորող երեխայի հանրային ծառայության համարանիշը և սեղմել «Ստուգել» սեղմակը:
Եթե առաջին դասարան ընդունվող երեխայի ծննդյան վկայականը թվայնացված չէ, ապա պետք է երեխայի տվյալները լրացնել անհրաժեշտ դաշտերում և հարցում ուղարկել:
Գործընթացն առավել հեշտացնելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը պատրաստել է պատկերային ուղեցույց:
Ծնողներից մի քանիսը մեզ հետ զրույցում հայտնեցին, որ դժվարանում են հայտը լրացնել վերոնշյալ կայքում, և նրանց հետաքրքրում էր, թե առաջին դասարան ընդունվող երեխայի ծննդյան վկայականն ինչպե՞ս են թվայնացնելու:
ԿԳՄՍՆ-ից հետաքրքրվեցինք, թե առաջին դասարան ընդունվող երեխայի ծնողը ո՞ւր պետք է դիմի, որպեսզ թվայնացնեն ծննդյան վկայականը: Մեր հարցին պատասխանեցին, որ ԶԱԳՍ-ի համապատասխան բաժնում, և դա հնարավոր է անել նաև ստուգման կայքի միջոցով`ավտոմատ: Հայտագրման գործընթացը նախատեսվում է սկսել հունիսից, իսկ հստակ օրվա մասին լրացուցիչ կհայտարարվի: