Մաքսային ծառայությունում աշխատանքի ընդունվելու հնարավորություն. Մեկնարկում է դասընթացների երկրորդ փուլը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մաքսային համակարգը նոր որակի ծառայողներով համալրելու նպատակով իրականացնում է ընդգրկուն դասընթացների երկրորդ փուլը: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն Մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: Այս անգամ դասընթացը հաջողությամբ ավարտածները կարող են դիմել թափուր հաստիքների համար Մաքսային ծառայության Հայաստանի բոլոր կետերում:
Դասընթացը և դասընթացին առնչվող թեստավորումներն անցկացվում են անվճար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը նշեց, որ դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
«Դասընթացին մասնակցելու ընդունելությունն իրենից ենթադրում է համակարգչային, մասնագիտական գիտելիքների ստուգում, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացում և ընդունելության հարցազրույց։ Դասընթացը կանցկացվի տեսական և գործնական փուլերով, նախատեսվում է նաև ավարտական հարցազրույց։ Բոլոր նրանք, որոնք հաջողությամբ կանցնեն դասընթացը, կստանան հավաստագիր 3 տարի ժամկետով: Այսինքն, եթե նույնիսկ այս փուլում աշխատանքի չընդունվեն, միևնույն է առաջիկա երեք տարվա ընթացքում մաքսային համակարգում աշխատանքի թափուր տեղ ունենալու պարագայում, կարող են դիմել»,-ասաց Ծովինար Սողոմոնյանը:
Խոսելով կադրային բարեփոխումների առաջին փուլի արդյունքներից՝ Ծովինար Սողոմոնյանը նշեց, որ դիմողների շրջանում բավական ակտիվություն է եղել, արդյունքները գոհացուցիչ են: Մաքսային ծառայությունում 130 տեղի համար 2000 դիմորդ կար: Առաջին փուլում դասընթացին մասնակցել է 250 հոգի, որից 160-ը ստացել է հավաստագիր, իսկ 140-ն ընդունվել է աշխատանքի: Իհարկե, հավաստագիր ստացածների մեջ կան մարդիկ, որոնք մաքսային ծառայության գործող աշխատողներ են, սակայն ընդունվածների մոտ 60 տոկոսը նոր կադրեր են:
«Քանի որ մաքսային ծառայության համակարգում բարեփոխումներ են կատարվում, հետևաբար գործող աշխատողների համար պարտադիր է այս դասընթացով անցնելը: Ասեմ, որ դասընթացի արդյունքում ունեցել ենք մաքսային ծառայության աշխատակիցներ, որոնք չեն ստացել հավաստագիր»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:
Դասընթացի ու խիստ մոտեցումների արդյունքում ՊԵԿ-ն ակնկալում է մաքսային ծառայության համակարգում ունենալ նոր որակի կադրեր, ինչն իր հերթին կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Հարցին, թե մաքսային համակարգ մուտք գործելու գործընթացը նորեկների համար որքանով է հարթ անցել, Ծովինար Սողոմոնյանը նշեց, որ խնդիրներ եղել են:
«Սկզբնական շրջանում կային մտահոգություններ, որոշակի գործընթացներում դանդաղություն կար, որոշ տնտեսվարողների կողմից դժգոհություններ ունեինք: Ամեն դեպքում աշխատակիցները շատ արագ կարողացան գործի մեջ մտնել, ներկայում կարող ենք ասել, որ բավական բարելավվել է գործընթացը»,-ասաց Ծովինար Սողոմոնյանը:
Դասընթացի երկրորդ փուլին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետ մայիսի 5-ն է: Արդեն 450 դիմորդ կա: