
SpaceX-ը մեկնարկից մեկ րոպե առաջ չեղարկել է Falcon Heavy-ի արձակումը

ViaSat 3 Americas առաքելությամբ Falcon Heavy գերծանր կրող հրթիռի արձակումը, որը կարող էր ամերիկյան SpaceX ընկերության կողմից անընդմեջ արձակումների նոր ռեկորդ սահմանել, մեկնարկից մեկ րոպե առաջ չեղարկվել է։
SpaceX-ն ուղիղ հեռարձակում է իրականացրել, երբ հետհաշվարկի 59-րդ վայրկյանին մեկնարկի ղեկավարը դադարեցրել է այն։
Թե որն է եղել պատճառը, դեռևս չի հաղորդվում։ Spaceflight Now պորտալի տեղեկություններով, մեկնարկի նոր փորձը կարող է տեղի ունենալ միայն մի քանի օր հետո։
Դրանից մոտ մեկ ժամ առաջ SpaceX-ը հաջողությամբ իրականացրել էր O3b mPOWER արբանյակներով Falcon 9-ի մեկնարկը։
ViaSat 3 Americas առաքելության նպատակն էր գյուղական բնակավայրերում, մարդատար ինքնաթիռներում ու նավերում ապահովել համացանցի հասանելիությունը։
Falcon Heavy-ի հաջող արձակման դեպքում նման կարճ «պատուհանով» երկու ուղեծրային առաքելությունները կարող էին ռեկորդային դառնալ SpaceX-ի համար։ Բացի այդ, ԱՄՆ-ն 1966 թվականից ի վեր նման «զուգահեռ» արձակումներ չի իրականացրել Կանավերալ կոսմոդրոմից։
SpaceX-ն առաջին անգամ մեկ օրում երկու արձակում է իրականացրել 2021 թվականին՝ 15 ժամ ընդմիջմամբ։ Իսկ 2023 թվականի մարտին երկու մեկնարկ հաջողությամբ իրականացվել էր մոտ 4 ժամ տարբերությամբ։