«Մեզ Բաքվում սպանում էին, որովհետև մենք հայ էինք». Աննա Աստվածատուրյան-Թերքոթ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողովի ժամանակ, Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերի մասին Միացյալ Նահանգներից առցանց խոսեց նաև ամերիկահայ գրող, ջարդերի ականատես, աստվածաբան Աննա Աստվածատուրյան-Թերքոթը, ով Բաքվում տեղի ունեցած ջարդերի ժամանակ կարողացել է փրկվել ընտանիքի հետ։
Նա նշեց, որ իր երկու տատիկներից և երկու պապիկներից երեքը ծնվել են Նախիջևանում ու Սյունիքում, սակայն Երկրորդ համաշխարահային պատերազմից հետո տեղափոխվել են Բաքու, քանի որ այնտեղ աշխատանք են գտել։
«Իմ ծնողները ծնվել են Բաքվում, ես և եղբայրս՝ նույնպես։ Իմ ընտանիքը վերջին 100 տարվա ընթացքում տեսել է մարդկության դեմ իրականացված երեք ցեղասպանություն։ Լավ հիշում եմ 1990 թվականի այն օրը, երբ Բաքվից մենք փախանք Երևան, սակայն իմ մանկությունը ոչնչացվեց ավելի վաղ, երբ 1988 թվականի փետրվարին Սումգայիթում սպանեցին անմեղ հայ խաղաղ բնակչությանը, և այդ ամենը մի քանի ամիս շարունակվեց նաև Կիրովաբադում»,- պատմում էր Աննա Աստվածատուրյան-Թերքոթը։
Նրա խոսքով՝ Սումգայիթում տեղի ունեցած ջարդերը փոխեցին տեղի հայ բնակչության կյանքը, իսկ Բաքվում սկսված ջարդերի ժամանակ ջարդարարները բոլոր փողոցներում փնտրում էին հայերին՝ սպանելու համար։
«Մենք ամիսներով թաքնվում էինք տանը՝ հույս ունենալով, որ այդ ամենը կավարտվի։ Իմ հայրը, չնայած բոլոր դժվարություններին, պատրաստ էր թողնել ամենին ինչ և դուրս գալ Բաքվից՝ աշխատանք գտնել Խորհրդային Միության մեկ այլ երկրում։ Իսկ մայրս, ընդհակառակը՝ չէր կարծում, որ ինտելեկտուալ Բաքվում մեզ հետ կարող էր վատ բան պատահել։ Սակայն մի օր նրա հետ ինչ-որ բան պատահեց, մենք չգիտենք՝ ինչ, որովհետև նա տուն եկավ ու ասաց՝ պետք է մեկնենք։ 1990 թվականի սեպտեմբերին մենք ամեն ինչ թողեցինք Բաքվում և հեռացանք։
Հայրս պետք է առանց մեզ մեկներ՝ միայնակ, քանի որ նա շատ էր հայի նման, և չէինք ցանկանում, որպեսզի ուշադրություն գրավեինք, այդ դեպքում կհարձակվեին մեզ վրա։ Մենք կարողացանք փրկվել, սակայն ընտանիքիս այլ անդամներին, հարևաններին, ընկերներին՝ չհաջողվեց»,- պատմում էր Աննա Աստվածատուրյան-Թերքոթը։
Նա նաև նշեց, որ ջարդերից այսքան տարի անց մանրամասն հիշում է Բաքվի իր բնակարանը, փողոցը, նաև հիշում է, թե ինչպես էր 11 տարեկանում իրեն փորձում բռնաբարել ադրբեջանցի հարևանը, որին կարողացել է հարվածել, որպեսզի ազատվի նրանից, ով ջարդարարներից մեկն է եղել։
Նա նաև շատ լավ հիշում է իր հարազատներից այն մարդկանց, որոնց ադրբեջանցիները սպանեցին, բոլոր այդ հիշողությունները նա գրառել է իր օրագրում, որը տարիներ անց ամփոփել է գրքում։
«Ցավալին այն է, որ 35 տարի անց մեզանից չեն հարցնում, թե ինչ է կատարվել մեզ հետ, շատ կազմակերպություններ մեզ մերժում էին, նրանց մենք հետաքրքիր չէինք։ Տեղեկատվությունը հավաքագրված չի եղել, թե մենք որքա՞ն զոհ ենք ունեցել, որքա՞ն վիրավորներ, ի՞նչ ենք կորցրել։ Այդ պատճառով էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ես Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երից՝ Արտակ Բեգլարյանից ու Արման Թաթոյանից հետաքրքրվեցի՝ ի՞նչ անել, որպեսզի այդ տեղեկատվությունը՝ պատերազմի ժամանակ և դրանից հետո, հավաքվի։ Նրանք ինձ պատասխանեցին՝ ոչինչ։ Մենք ոչինչ չսովորեցինք մեր ողբերգական պատմությունից, այդ ժամանակ էլ ես որոշեցի, որ այդ աշխատանքները կանի իմ «Աստվածատուրյան» հիմնադրամը։ Մենք Արցախում ավարտել ենք հարցումները, այդ արդյունքները կան, սակայն ՀՀ կառավարության կողմից չեն օգտագործվում, ինչո՞ւ։ Թեպետ մեր մասին չեն խոսում, բայց Բաքվի հայ փախստականները կան, նրանք շարունակում ենք ապրել, մենք հաջողակ ենք ամբողջ աշխարհում, բոլոր բնավագառներում, շատերն ապրում են Ռուսաստանում, Արցախում և Հայաստանում։
Ինձ միշտ հարցնում են, թե ինչո՞ւ եմ ես հեռացել Հայաստանից, եթե տեսնեին, թե այնտեղ երեք տարի ինչ պայմաններում ենք ապրել՝ կհասկանային, թե ինչու են իմ ծնողները մտածել, որ իրենց երեխաներն ավելի լավ ապագայի են արժանի, և այդ ապագան մեզ տվեցին Միացյալ Նահանգներում։ Այդ պատճառով էլ այսօր մենք հնարավորություն ունենք օգնելու նաև հայրենիքին»,- հավելեց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից այսօր Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացվող ցեղասպանությանը, Աննա Աստվածատուրյան-Թերքոթն ասաց, որ ադրբեջանական այդ քաղաքականության վրա աչք են փակում Եվրոպան, Միացյալ Նահանգները, և այն, ինչ տեղի ունեցավ իրենց հետ Բաքվում, նույնը տեղի է ունենալու նաև արցախահայության հետ։
Միաժամանակ նա ընդգծեց, որ տարիներ առաջ աշխարհն իր մասին չգիտեր, չգիտեր, որ ջարդերից փրկված մարդիկ կան, իսկ այսօր ապրում է Միացյալ Նահանգներում, ճանաչված քաղաքագետ է, բանկի նախագահ, ով փորձում է ամբողջ աշխարհին ներկայացնել այն, ինչ տեղի է ունեցել իրենց հետ։
«Քանի դեռ ապրում եմ, պետք է օգնեմ Արցախին ու Հայաստանին։ Միայն մեկ բան կասեմ՝ երբ մեզ Բաքվում սպանում էին, չէին հարցնում՝ ինչ լեզվով ենք խոսում, ինչպես ենք պատրաստում, որտեղ ենք ծնվել, մեզ սպանում էին, որովհետև մենք հայ էինք։ Բաքվի հայ փախստականների խնդիրը նույն հայության խնդիրն է, դա հայկական պատմություն է։ Արցախի խնդիրը, շրջափակված Արցախը նույնպես հայկական, հայության հարցն է»,- եզրափակեց նա։