«Եթե 7 օրվա ընթացքում հասցեատերերի կողմից գործնական քայլեր չձեռնարկվեցին՝ Արցախի ժողովուրդը դիմելու է անհրաժեշտ քայլերի». Արշակ Աբրահամյան

Արդեն երկրորդ օրն է՝ Արցախի Հանրապետությունում երիտասարդների նախաձեռնությամբ մեկնարկել է «Ոչ՝ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» ստորագրահավաք-շարժումը, որի նպատակն է՝ վերջ դնել Ադրբեջանի կողմից իրականացվող արցախահայության էթնիկ զտմանն ու ցեղասպանական քաղաքականությանը, որին արցախահայությունը ենթարկվում է 44-օրյա պատերազմից հետո։

168.am-ի հետ զրույցում «Ոչ՝ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման մամուլի պատասխանատու Արշակ Աբրահամյանն ասաց, որ այս պահին հազարավոր մարդիկ միացել են ստորագրահավաքին, մարդկանց հոսքն աստիճանաբար մեծանում է։

«Ստորագրահավաքը մեկնարկելու հենց առաջին րոպեներից մարդիկ ակտիվ միացել են, կարող եմ ասել, որ հասարակության բոլոր շերտերը միանում են ստորագրահավաքին։

Կարդացեք նաև

1988 թվականի արցախյան շարժման մասնակից ավագ սերնդի ներկայացուցիչները նույնպես գալիս են, մտնում են վրաններ, կամավորներին օգնում են իրենց խորհուրդներով։ Իրականում ձևավորվել է շատ դրական միջավայր»,- նշեց Արշակ Աբրահամյանը։

Նրա փոխանցմամբ՝ հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը, Արցախի ողջ բնակչության անունից հստակ պահանջ է դրվում, որպեսզի Ադրբեջանը դուրս բերի իր զինված ուժերը պատերազմից հետո օկուպացված հայկական տարածքներից, հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում, միջանցքի անհապաղ ապաշրջափակում՝ 5 կմ լայնությամբ, միջանցքով Հայաստանի հետ անխափան կապի ապահովում և ադրբեջանական անցակետի ապամոնտաժում։

«Նաև պահանջ ենք դնում գերության մեջ պահվող անձանց և փախստականներին իրենց հայրենիք վերադարձի ապահովում։

Հանրային դիմում պահանջի հրապարակումից հետո, եթե 7 օրվա ընթացքում հասցեատերերի կողմից գործնական քայլեր չձեռնարկվեցին այդ կետերը կատարելու ուղղությամբ, Արցախի ժողովուրդը ստիպված է լինելու դիմել անհրաժեշտ միջոցների՝ իր հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու համար։ Հստակ պահանջ ենք դնելու՝ 7 օրվա ժամկետով։

Մեր դիմում պահանջն ուղղելու ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա, ՌԴ նախագահին, որպես Ռուսաստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավար, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին՝ որպես Անկախության հռչակագրով Արցախի հարցում իրավական ու քաղաքական պատասխանատվություն ստանձնած պետության ղեկավարի»,- շեշտեց նա։

Թե ի՞նչ քայլեր են իրականացնելու, եթե նշված երկրներից 7 օրվա ընթացքում արձագանք չեղավ, Արշակ Աբրահամյանն ասաց, որ դեռևս չցանկացավ փակագծեր բացել, քանի որ առաջին քայլն իրականացնելուց հետո միայն կարող են բարձրաձայնել երկրորդ քայլի մասին։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Երեկ՝ շրջափակման 138-րդ օրը, ադրբեջանական «բնապահպանները» հայտարարեցին, որ ժամանակավորապես բացում են ճանապարհը, սակայն Արցախը շարունակում է  մնալ շրջափակված, քանի որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը զավթելուց հետո մաքսակետեր է տեղադրել՝ շարունակելով Արցախը պահել տոտալ շրջափակման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս