Մեկնարկել է ԵԽ «Աջակցություն Հայաստանում ՄԻԵԴ-ի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագիրը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի մեկնարկային միջոցառմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը կարևորել է ծրագրի իրականացումը մեր երկրում և պատրաստակամություն հայտնել իր իրավասությունների և մանդատի շրջանակում աջակցել դրա հաջող ընթացքին.
«Մեր երկրում աշխատանքներ իրականացվել են մարդու հիմնարար իրավունքների իրացման և պաշտպանության համակարգը կատարելագործելու ուղղությամբ։ Այսօր այդ աշխատանքները շարունակելու և բազմապատկելու անհրաժեշտություն կա, ինչի ուղղությամբ պետք է ձեռնարկել լուրջ քայլեր։ Կարևոր է լուծել այս ոլորտում առկա խնդիրները և երաշխավորել մարդակենտրոն հասարակության ամրապնդումը Հայաստանում։ Մարդու իրավունքների պաշտպանի համար դա առաջնահերթություն է, իսկ այս ծրագիրը նման համակարգի ձևավորման և կատարելագործման լավագույն հնարավորություններից է։ Մարդու իրավունքների պաշտպանը և Պաշտպանի աշխատակազմը պատրաստ են ոչ միայն խոսքով, այլև աշխատանքով ապացուցել հանձնառությունը նշված ոլորտում»,- ասել է Անահիտ Մանասյանն իր ելույթում։
Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը մասնակցել են նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Համագործակցության բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության ղեկավար Պավլո Պուշկարը (հեռավար), ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով դատական վարույթների չափազանց երկարատևության, ներպետական դատարանների վճիռները չկատարելու կամ ուշ կատարելու խնդիրներին, մինչդատական փուլում արդյունավետ դատական վերահսկողությանը, հավաքների ազատության իրավունքին, վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու ենթադրյալ դեպքերի արդյունավետ քննությանը:
Ծրագրի գործողությունները համահունչ են և նպատակ ունեն աջակցել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության Ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրերի և ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության որոշ գերակայությունների իրականացմանը։