
Ադրբեջանցիները հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են Արցախի քաղաքացու ուղղությամբ

Ապրիլի 28-ին՝ ժամը 12:15-ին, Արցախի ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ նշված գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած տեղամասայի տեսուչը պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում` Ասկերան քաղաքի բնակիչ Արթուր Ռամազյանը «Բելառուս 82» մակնիշի տրակտորով նշված տարածքում գտնվող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից` հրաձգային զինատեսակներով կրակ է արձակվել տրակտորի ուղղությամբ։ Վերջինս գյուղատնտեսական աշխատանքները դադարեցրել է։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։