Բաժիններ՝

Սուդանում հակամարտող կողմերը միմյանց մեղադրել են թուրքական ինքնաթիռի գնդակոծման համար

Թուրքական ինքնաթիռը, որը Սուդան է ժամանել օտարերկրյա քաղաքացիների տարհանման նպատակով, այսօր գնդակոծության է ենթարկվել: Հակամարտող կողմերը՝ Սուդանի բանակը և «Արագ արձագանքման ուժերը» (հատուկ ջոկատներ), մեղադրել են միմյանց: Այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Հաղորդվում է, որ Al-Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ թուրքական ինքնաթիռը գնդակոծման է ենթարկվել Խարթումից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Վադի Սեյդնա ռազմակայանի օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Ըստ հեռուստաալիքի՝ գնդակոծման հետևանքով տուժել է ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը։ Սուդանի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ թուրքական ինքնաթիռը գնդակոծվել է «Արագ արձագանքման ուժերի» կողմից:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաստատել է Սուդանում հանրապետության զինված ուժերի ինքնաթիռի գնդակոծման փաստը։ Ինչպես ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

«Տարհանման համար Սուդան ուղարկված մեր C-130 ինքնաթիռի վրա կրակ է բացվել թեթև հրազենով: Ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել: Զինծառայողների շրջանում վիրավորներ չկան», – ասված է հայտարարության մեջ:

Գերատեսչությունը նշում է, որ ինքնաթիռն ուղևորվել է Վադի Սեյդնա ռազմակայանի օդանավակայան։ Այժմ կատարվում է օդանավի զննում՝ վնասվածքները հայտնաբերելու նպատակով:

Իր հերթին Սուդանի «Արագ արձագանքման ուժերի» ներկայացուցիչը հերքել է թուրքական ինքնաթիռի գնդակոծման հետ կապված մեղադրանքները և միջադեպի պատասխանատվությունը դրել է Սուդանի զինված ուժերի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս