Ամերիկացիների կեսից ավելին կողմ է արտահայտվել զենքի շրջանառության արգելքին. Fox News-ի հարցումը
Այս տարի ԱՄՆ-ում մի շարք զանգվածային հրաձգություններ են տեղի ունեցել, որոնք տասնյակ զոհերի պատճառ են դարձել: Շատերը նախընտրում են կենտրոնանալ զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության վրա, քան քաղաքացիներին զինելու վրա՝ զենքի կիրառմամբ բռնության դեպքերը նվազեցնելու համար: Դրա մասին են վկայում Fox News-ի անցկացրած հարցման արդյունքները:
Հարցվածների 87 %-ը կողմ է արտահայտվել այն պնդմանը, որ հարկավոր է ստուգել զենք գնողների նախկին քրեական անցյալի մասին տեղեկությունները: 81 %-ը գտնում է, որ հարկավոր է բարելավել զենքի մասին գոյություն ունեցող օրենքները գործի դնելու մեխանիզմները: Հարցվածների 81 %-ը համաձայնել է այն պնդման հետ, որ զենք գնելու համար նվազագույն տարիքը պետք է բարձրացնել 21-ի, իսկ 80 %-ը կարծում է, որ հարկավոր է ստուգել գնորդների հոգեվիճակը:
Բացի այդ, հարցվածների 61%-ը կողմ է արտահայտվել հարձակողական զենքերի և կիսաավտոմատ զենքերի արգելքին: Fox News-ը հիշեցնում է, որ ապրիլի 25-ին Վաշինգտոնը դարձավ ԱՄՆ 10-րդ նահանգը, որտեղ արգելվեց հարձակողական զենքերի վաճառքը:
Միևնույն ժամանակ հարցվածների 45 %-ը խրախուսում է զենքի կրումը՝ հարձակվողներից պաշտպանվելու համար, իսկ 52 %-ը դեմ է դրան:
Fox News-ը նշում է, որ դեմոկրատներն ու հանրապետականները հիմնականում համակարծիք են զենքի շրջանառության հետ կապված հատուկ միջոցների շուրջ, այնուամենայնիվ, կան խորը տարաձայնություններ հարձակողական զենքի արգելքի և քաղաքացիներին զինելու հարցում: Օրինակ՝ դեմոկրատների 84 %-ը կողմ է հարձակողական զենքի արգելքին, մինչդեռ հանրապետականների միայն 36 %-ն է այդ կարծիքին: Բացի այդ, դեմոկրատների միայն 27%-ն է կողմ, որ քաղաքացիները զենք կրեն, մինչդեռ դրան կողմ են երկու անգամ ավելի շատ հանրապետականներ (61%):
Ամերիկացի ընտրողների համար զենքի հարցը շատ կարևոր է: Հարցվածների 12 %-ը համարում է, որ երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը զենքի շրջանառության վերահսկողությունը և զենքի կիրառմամբ բռնություններն են: Ընտրողներին այս հարցից ավելի ավելի շատ մտահոգում են միայն տնտեսական խնդիրները (24% տնտեսություն, 16% գնաճ և կեցության ծախսեր):