ԱՄՆ-ում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից, որոշ վագոններ հայտնվել են Միսիսիպի գետում
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի հարավ-արևմուտքում բեռնատար գնացքի երկու վագոններն ընկել են Միսիսիպի գետը: Դեպքի հետևանքով չորս աշխատակից վիրավորվել է: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 27-ին՝ տեղի ժամանակով կեսօրից հետո ժամը 12:15-ին: Գնացքի տասից ավելի վագոն դուրս է եկել ռելսերից: Գնացքի օպերատոր BNSF ընկերության անձնակազմը մեկնել է դեպքի վայր: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն:
BNSF-ն հայտնել է, որ ռելսերից դուրս եկած և ափում հայտնված վագոններից մի քանիսում ներկ և լիթիում-իոնային մարտկոցներ էին, իսկ գետում հայտնված վագոններում նման վտանգավոր նյութեր չկան:
Մասնագետները մինչև հինգշաբթի երեկո գտնվել են դեպքի վայրում՝ որպես նախազգուշական միջոցառում, քանի որ լիթիում-իոնային մարտկոցներում կարող է քիմիական ռեակցիա տեղի ունենալ ջրի հետ շփումից:
Գնացքում նաև թթվածնով բեռնարկղեր են եղել, որոնք համապատասխան պայմանները չպահպանելու դեպքում կարող են պայթուցիկ լինել:
Միջադեպից հետո գլխավոր երկաթգիծն արգելափակվել է երկու ուղղություններով: