Արցախը հանձնել են Ռուսաստանին, դրա համար է վիճակը հիմա փակուղային. Արմեն Պետրոսյան

Արցախի հարցում Հայաստանի իշխանության կողմից իրականացվող գործողությունների տրամաբանությունը բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, ուստի, որպես այդ հայտարարությունը ստորագրած կողմ, Հայաստանի քայլերը պետք է ուղղված լինեն հայտարարության կողմերի ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում կողմերին իրենց պարտավորությունների դաշտ բերելուն, հակառակ պարագայում՝ նշանակում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, ինչն իր հերթին՝ կնշանակի հրադադարի ռեժիմից հրաժարում, ապա՝ պատերազմ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով 137 օր շարունակ ադրբեջանական շրջափակման պայմաններում Արցախ աշխարհում ստեղծված վիճակի և դրանից դուրս բերելու հարցում Հայաստանի ունեցած հնարավորությունների մասին, նման տեսակետ հայտնեց արևելագետ Արմեն Պետրոսյանը։

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հրաժարումը, սակայն, նշանակում է, որ դրանից հետո պետք է բանակով գնալ և հարցերը լուծել։ Արդյո՞ք մենք ունենք հիմա հնարավորություն Ռուսաստանի և Ադրբեջանի դեմ միաժամանակ դուրս գալու համար, բնականաբար, չունենք, հետևապես՝ ես ստեղծված վիճակը համարում եմ փակուղային»,- ասաց Պետրոսյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ իրավիճակը փակուղային է, քանի որ ճիշտ ընկալված չէ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակությունը, և մարդիկ ճշգրիտ չեն ընկալել այն ջանքերը, որոնք Ռուսաստանը դրեց այդ հայտարարությունը ստանալու համար։

«Օրինակ, ինչո՞ւ հենց երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանին։ Նա մի քանի անգամ կրկնեց այս միտքը, որը մինչև հիմա չէր ասել։ Ինչո՞ւ, որովհետև խնդիրը նրանում է, որ իշխանության ներկայացուցիչները սկսել են բաց տեքստով խոսել այն ամենի մասին, ինչը տեղի է ունեցել։ Իրողությունն այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախից մնացած հատվածն անցել է ուղիղ ռուսական վերահսկողության ներքո»,- ասաց Պետրոսյանը՝ շեշտելով, որ ներքաղաքական խնդիրներից ելնելով՝ չի խոսվել այդ մասին։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս