«Խոստանում են, որ մասնագետը կապ կհաստատի, ու մնում ենք մասնագետի զանգին սպասող». ԱՊՊԱ-ն նախկին տաքսիների գները ևս թանկ է հաշվում
Հայաստանում 2023 թվականի ապրիլի 1-ից ազատականացվեցին ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարները՝ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը հնարավորություն տալով հաճախորդներին առաջարկելու սեփական մոդելի հիման վրա՝ գին-որակ համադրությամբ ծառայություններ:
Մոտ մեկ ամիս է՝ ազատականացվել է ԱՊՊԱ-ն, սակայն վարորդների մեծ մասը կարծես չի հարմարվել: Ավելին, «Մերսեդես», «Օպել», «Նիսսան Տիդա» մակնիշի մեքենա ունեցող որոշ վարորդներ դժգոհ են, քանի որ իրենց առաջարկվող գինն անհամեմատ բարձր է:
«Կատարվեց ԱՊՊԱ գների, այսպես կոչված, ազատականացում, որը պետք է բերեր մրցակցության, բայց իմ դեպքում, չգիտեմ ինչու՝ ամենաէժան գին առաջարկում է այն ապահովագրական ընկերությունը, որից օգտվում է տվյալ վարորդը: Մյուսներն այնպիսի գներ են առաջարկում, որ մեծ ցանկության դեպքում չկարողանաս ԱՊՊԱ-ն փոխել»,- մեզ հետ զրույցում նշեց վարորդ Սահակ Պետրոսյանը:
Ներսես Հակոբյանի դեպքում, սակայն, հակառակն է եղել. ապահովագրական ընկերությունը, որի հետ պայմանագիր է կնքել, ավելի թանկ գին է առաջարկել, քան նրանք, ում հետ ընդհանրապես պայմանագիր չի ունեցել:
Տիգրան Հակոբյանն էլ նշեց, որ անցած տարի վթար չի ունեցել, դասը մի հատ իջել է, ու պետք է 3% էժանանար ԱՊՊԱ-ն, սակայն անցած տարվա 47.000 դրամի փոխարեն՝ առաջարկվում է 50.000 դրամ: Նրա փոխանցմամբ՝ շատ բաղադրիչներ են հաշվի առնում. վարորդական ստաժ, տուգանք, վթար, մեքենայի ձիաուժ:
Նախկին տաքսու վարորդ Համլետ Խաչատրյանն էլ հայտնեց, որ տաքսիների դեպքում ԱՊՊԱ-ն թանկ է, ինքն այլևս մեքենան որպես տաքսի չի վարում, բայց շարունակում է թանկ վճարել:
«Զանգում եմ ապահովագրական ընկերություն, հեռախոսավարներն ասում են, թե տաքսու և անձնական մեքենայի գները նույնն են: Հետո խոստանում են, որ մասնագետը կապ կհաստատի, ու մնում ենք մասնագետի զանգին սպասող»,- նշեց մեր զրուցակիցը:
Ավելի վաղ զրուցել էինք նաև Տաքսու վարորդ, «Վարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Պողոս Օղլուկյանի հետ, ով տեղեկացրել էր, որ տաքսու վարորդների համար խնդիրներն ավելի շատ են, ԱՊՊԱ-ն 80 տոկոսով թանկ է:
«Եթե 6 ամիս վարել ես տաքսի ու գնում ես ապահովագրական ընկերություն՝ ասելով, որ՝ ընկեր ջան, էլ տաքսի չեմ քշում, պատասխանում են, որ հնարավոր չէ, միայն կլինի այն դեպքում, եթե մեքենան վաճառեն, անվանափոխություն լինի: Այսինքն, ինձ որպես տաքսի՝ գրանցել ես ու չես կարողանում հանել՝ թողնելով սովորական մեքենա՞: Նման բան աշխարհում չեմ լսել: Տաքսու դեպքում ԱՊՊԱ-ի համար վճարում ես 18.000 դրամ, սովորական մեքենայի դեպքում՝ 10.000: Տաքսին համարում են ռիսկային, ես էլ պնդում եմ, որ վթարների դեպքում տաքսիների թիվը քիչ է, այդ ո՞նց եք տաքսին համարում ռիսկային: Մի բան ասում ես, հակադարձում են, թե՝ առավոտից երեկո տաքսի ես քշում, քոնը ռիսկային է: Տո քե՞զ ինչ, ես, 50 տարի է, վթար չունեմ»,- ասել էր Պողոս Օղլուկյանը: