Ոչ հրաժեշտի նամակ հայաստանում ապրող իմ ընթերցողին
«Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք»։ Փիլիպեցիս 4:8
Հրաժեշտ տվողի աչքերով եմ նայում Երևանին։ Շուտով տեղափոխվում եմ ԱՄՆ՝ մշտական բնակության․ ամեն օրս հրաժեշտի մասին է։ Հրաժեշտ եմ տալիս Հայաստանի գարունին, եկեղեցու ղողանջներին՝ քաղաքում լսվող, իմ սիրած փողոցներին, մարդկանց՝ հարազատ, անծանոթ, երկնքին՝ լուսե, արևին՝ ջերմ, լավաշի բույրին, Արարատին՝ սեր․․․ Եվ ուզում եմ «Շողակնի» իմ սիրելի ընթերցողներին մի նամակ թողնել՝ ոչ հրաժեշտի, որովհետև շարունակելու եմ գրել՝ ուր էլ լինեմ, քանզի այս գիրը պարտքն է իմ՝ գրելուս շնորհն ինձ Տվողի առաջ։
Հիմա ինչ կարդաս, սիրելի՛ ընթերցող, նամակ է քեզ՝ Հայաստանում մնացողիդ, Հայաստանում ապրողիդ։ Հայաստանն Աստծո սիրելի Տունն է՝ էլի եմ ասել։ Այստեղ հոգևորի անցամաք աղբյուր կա, որ հոսում է լեռներից մեր դեպի հողը, դեպի մեզ։ Քայլել Հայաստանով՝ նշանակում է ուղիղ կապ երկնքի, վերերկրայինի, աստվածայինի հետ։ Եվ Հայաստանում ապրող ամեն ոք ազատ է օգտվելու այդ աղբյուրից։ Ձեզ կարող են համոզել, որ Հայաստանը լավ երկիր չէ ապրելու համար, բայց այն հրաշալի երկիր է՝ բառի ամենաուղիղ իմաստով։
Ու թե մեկն էլ ինձ հարցնի՝ եթե այդպես է, ինչո՞ւ ես միանում գնացողների շարքին, կասեմ՝ գնում եմ, որ վերադառնամ՝ ավելի ամրացած ու հզոր։ Գնում եմ, որ ուրիշ երկինքներ տեսնեմ, ուրիշ գույներ, ուրիշ բույրեր՝ դառնամ հազարաշերտ ու վերադառնամ, գարուն լինեմ հայրենիքիս չորացած մասերին։ Գնում եմ հեքիաթի հերոսի պես՝ իր թագավորություն վերադառնալու ակնկալիքով։ Գնում եմ, որ վերադարձս կարողանամ ծառայեցնել Հայաստանին, այն երկրին, որ ձևավորել է ինձ ու բովանդակություն տվել։
Հայերենով խոսելը, սիրելի՛ ընթերցող, օրհնություն է։ Բայց մենք հայերեն չգիտենք։ Հայերենը կորցրած բանալի է Հայաստանում։ Հրաշալիի, մեծի, վեհի դուռը բացող բանալին՝ հայերենը, կորցնում ենք ամեն օր, որովհետև արժեքը չգիտենք, ծանոթ չենք, ուսումնասիրած չենք, սովորած չենք, խորացած չենք։ Բայց մենք այն ենք, ինչ մտածում ենք, ինչ կերպ, որ մտածում ենք։ Լեզվամտածողությունն է սարքում կամ քանդում մեր տունը։
Եթե ուզում ենք հզորացնել Հայաստանը, պիտի սկսենք մեր խոսքից՝ ի՞նչ ենք խոսում, ինչ բառերով, ինչպես․․․ Ախր, ի սկզբանե Բանն էր։ Խոսքը։ Կհիշե՞ս մանկությանդ այն հեքիաթը, երբ օրհնված աղջկա բերանից վարդեր ու անգին քարեր էին թափվում։ Հայերենը վարդ ու անգին քար է, անտակ հարստություն, որը մենք չենք արժևորում և որի մասին հոգ չենք տանում։ Հայերենը մեր հոգևորության կամուրջն է, փարոսը՝ բոլոր մութերի մեջ, մեր ուժը, վահանը։ Ինչպես խոսում ենք, այնպես էլ ապրում ենք։ Աստված մեզ հետ խոսում է ծաղկած ծառերի ու հայերենի միջոցով, թե ուզում ենք լսել Նրան, մեր լեզուն պիտի սիրենք, փայփայենք, մշակենք, ջրենք ու քաղենք բերքն այնպես, ինչպես պապս մեր այգու ծիրանենիներն էր խնամում, մշակում, ջրում, երկրպագում անգամ, որովհետև ամեն մի ծառ՝ բերքատու, թե՝ ոչ, հրաշք է, պարգև, դրախտի մասին հիշեցում։ Ծառերը մեր պաշտպանության կարիքն ունեն, որ մեզ պաշտպանեն, մեզ նվիրվեն, մեզ համար լինեն։ Բայց մենք դա՛ էլ չենք հասկանում՝ բազմամյա ծառերի սպանդը վկա։ Մենք խորացնում ենք Հայաստանի վերքն ամեն օր, բայց քանի կանք, ուշ չէ փոխվել։ Ուշ չէ արթնանալ ու արթնացնել։
Սիրելի՛ ընթերցող, դու վիրավոր երկրում ես ապրում։ Քո երկիրը հազար տեղից է խոցված, բայց չի ընկնում, որովհետև հզոր է և հոգևոր։ Հայաստանը պարզապես տարածք չէ, պարզապես պետություն չէ՝ մի քանի հարյուր այլ պետությունների կողքին։ Այն Տու՛ն է՝ հեքիաթային, հրաշալի, պարզ Տուն։ Բավական է այստեղ ցանվեն ճիշտ սերմեր, ու մեր տուն-այգին կկանաչի նորից՝ հին հեքիաթի պես։ Դրսում Գարուն է՝ ամեն բանի վերածնունդ։ Մարդն անմասն չէ այդ հրաշքից, արթնացումից։ Ականջ դրեք հողին, նայեք երկնքի թռչուններին ու կտեսնեք, կլսեք Տիրոջը։ Նրա ձեռքում են բոլոր բանալիներն ու շնորհները։ Նա, որ ամբողջությամբ Սեր է և ամենուր է, սպասում է հենց քեզ, որ ձեռքդ մեկնես, վերցնես քեզ անհրաժեշտը, ամրացնես քեզ, քո տունը, Հայաստանը՝ հրաշքների, հոգու ու ծաղկած ծիրաներիների սե՛ր երկիրը։ Այն պիտի՛ ամրանա ու հզորանա դեռ, ապաքինվի ու պինդ լինի վաղը և միշտ։ Ամեն։
Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ