Լիտվայի Սեյմն օրինականացրել է անօրինական միգրանտների արտաքսման ընթացակարգը
Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) օրինականացրել է անօրինական միգրանտներին արտաքսելու ընթացակարգը: Երեկ կայացած լիագումար նիստում օրենսդրական նախաձեռնությունը պաշտպանել է 86 պատգամավոր, 20 հոգի ձեռնպահ է մնացել, 8-ը դեմ է արտահայտվել։
Նշվում է, որ միգրանտները վերջին երկու տարիներին, հիմնականում ասիական և աֆրիկյան երկրներից, զանգվածաբար փորձում են Բալթյան Հանրապետության տարածքում հայտնվել հարևան Բելառուսից։
Ընդունված փաստաթղթի համաձայն՝ Լիտվայի ուժային կառույցներին թույլատրվել է իշխանությունների կողմից հայտարարված ծայրահեղ իրավիճակի կամ արտակարգ դրության պայմաններում հետ մղել չսահմանված վայրերում պետական սահմանը հատող միգրանտներին։
Այս մարտավարությունը Լիտվայի ուժայինները, հիմնականում՝ Ներքին գործերի նախարարությանն առընթեր պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները, կիրառում են 2021 թ.-ի օգոստոսից։ Այս ընթացքում ավելի քան 20 հազար մարդ վերադարձվել է Բելառուս։ Սակայն դա արվել է ներքին գործերի նախարարի հրամանի հիման վրա, իսկ հետո՝ կառավարության կարգադրությամբ։
Իրավապաշտպանները քննադատում են այս գործելակերպը՝ պնդելով, որ դա հակասում է միգրացիայի վերաբերյալ միջազգային ակտերին։
Պետական սահմանի մասին օրենքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մայիսի 3-ից, սակայն դրանք դեռ պետք է իր ստորագրությամբ հաստատի Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։