«Իրավական որևէ կառուցակարգ չեմ տեսնում, որով հնարավոր է Բերձորի միջանցքը բացել». Վարդան Այվազյան
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանն առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության միջազգային դատարան. տեղեկացրել են Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից:
Ի դեպ, դեռ փետրվարի ԱՄԴ որոշումների համաձայն՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և այլ գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեին: Սակայն այսօր Ադրբեջանն ավելի է սեղմում Արցախի շուրջ օղակը՝ դարձյալ խախտելով միջազգային իրավունքը:
Ի՞նչ սպասել ԱՄԴ-ից, արդյոք գոյություն ունի՞ միջազգային իրավական որևէ մեխանիզմ, որն այս պահին կարող է գործադրվել՝ 168.am-ը հետաքրքրվեց իրավաբան, սահմանադրագետ Վարդան Այվազյանից:
«Արդարադատության Միջազգային դատարանն իր որոշումը կայացրել է. այդ որոշումները, ըստ էության, մասնակից պետությունների համար պարտադիր չեն: Պարտադիր միայն մեկ դեպքում է, երբ տվյալ պետությունները կոնվենցիայի անդամ են, և կոնվենցիայի դրույթի մեկանաբանության խնդիր կա:
Եթե անգամ պարտադիր էլ լինի, ԱՄԴ որոշումներն ի կատար ածելու կառուցակարգեր չկան: Այսինքն՝ դա հերթական, հայկական, բարոյական հաղթանակն է լինելու,- ի պատասխան՝ նշեց սահմանադրագետը՝ անդրադառնալով Արցախի հարցով Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշմանը,- ապա շեշտեց,- Միակ կառուցակարգը մեր երկրի կողմից հարկադրանք կիրառելու միջոցով ճանապարհ բացելն է, որը, բնականաբար, այս պահի դրությամբ, այս իշխանությունների պարագայում չի լինի:
Այլ կերպ հնարավոր չէ. ես որևէ իրավական կառուցակարգ չեմ տեսնում, որով հնարավոր է Բերձորի միջանցքը բացել»:
Վարդան Այվազյանն այս համատեքստում նկատեց նաև, որ այսօր միջազգային իրավունքը փոխարինվել է գերտերության սահմանած կանոններով, իսկ այդ կանոններն այս պահի դրությամբ մեր շահերի հետ չեն համընկնում: