
Արցախի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն անդրադարձել են Լաչինի միջանցքում Ադրբեջանի անցակետի ապօրինի տեղադրմանը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 24-ին Երևանում հանդիպել է Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար, Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակության հետ:
Քննարկվել է Ադրբեջանի կողմից արդեն 134 օր շարունակվող Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կոպտագույն խախտումներին, մասնավորապես, նախօրեին՝ ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ապօրինի տեղադրմանը և ստեղծված պայմաններում միջազգային հանրության հրատապ արձագանքի անհրաժեշտությանը։