
120 հազար հայեր իրական ցեղասպանության վտանգի առջեւ են. նրանք դարձել են Ադրբեջանի պատանդը. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է, որ Ադրբեջանը երեկ պաշտոնապես շրջափակել է Արցախը:
«Եթե մինչ այդ հայտարարվում էր, որ դեկտեմբերից միջանցքը փակել են ադրբեջանցի «բնապահպանները», և պաշտոնական Բաքուն դրա հետ ոչ մի կապ չունի, երեկվանից անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը պաշտոնապես փակեց այդ ճանապարհը»,- ասել է նա:
Ռուբինյանը զգուշացրել է իրական ցեղասպանության վտանգի մասին:
«Արդեն մի քանի նիստում ես խոսում եմ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի կյանքը վտանգված է: Ես չեմ խոսում նրանց քաղաքական կամ մարդու իրավունքների մասին, ես խոսում եմ իրական ցեղասպանության վտանգի մասին: 120 հազար քաղաքացի դարձել է Ադրբեջանի պատանդը, մի երկրի, որն ատում է նրանց։ Հուսով եմ՝ միասին կկանխենք այս և հետագա այլ վայրագությունները»,- ասել է հայաստանյան պատվիրակության ղեկավարը:
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նխագահն օրեր առաջ հայտարարել է, որ ԼՂ հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ այլ երկիր գտնեն ապրելու համար: