Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չկան, չեմ կարող ասել, թե ապագայում ինչ կանենք. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
«Նման գործողություններն ապակառուցողական են խաղաղության գործընթացի տեսանկյունից»,- այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի կողմից Հակարի գետի վրա կառուցված կամրջի վրա սահմանային անցակետի տեղադրմանը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին:
Դեսպան Քվինն ասաց, որ ինչպես Միացյալ Նահանգները նախօրեին է հայտարարել, խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման կապակցությամբ:
«Մենք դա խաղաղության գործընթացի համար ապակառուցողական ենք համարում: Մենք ներկայումս կենտրոնացել ենք, որպեսզի կողմերը սկսեն խոսել միմյանց հետ, գան փոխհամաձայնեցված լուծումների, մենք կշարունակենք աջակցել խաղաղության գործընթացին՝ փորձելով այն առաջ մղել»,- ասաց դեսպանը:
Նրա որակմամբ, բռնության ցանկացած կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը:
«Մենք փորձում ենք առաջ շարժվել, ջանքեր գործադրել խաղաղության գործընթացն առաջ տանելու ուղղությամբ»,- ասաց նա:
Հարցին, թե արցախահայության և հայ ժողովրդի հետ տեղի ունեցողը ցեղասպանություն չէ՞ արդյոք, դեսպան Քվինը պատասխանեց, որ այս պահին նման որակավորում տալու որևէ իրավասություն չունի:
«Ներկայումս ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ, և ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչ կանենք ապագայում»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը: