Բաժիններ՝

Աֆղանստանի բնակչության շուրջ 85 %-ն ապրում է աղքատության շեմից ցածր մակարդակում. ՄԱԿ

Աֆղանստանի բնակչության շուրջ 85 %-ն ապրում է աղքատության շեմից ցածր մակարդակում: Նման տվյալներ են հրապարակվել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԿԶԾ)՝ «Աֆղանստանի սոցիալ-տնտեսական հեռանկարները 2023 թվականին» զեկույցում:

«Նրանց («Թալիբան»-ի) իշխանության գալուց անմիջապես հետո Աֆղանստանի տնտեսությունը, որը վերջին տասնամյակի ընթացքում աղքատության մեջ էր հայտնվել, փլուզվել է: Շուրջ 40 միլիոն բնակչությամբ և 2021 թ.-ին 14,3 միլիարդ դոլար ՀՆԱ-ով Աֆղանստանը դասվում է աշխարհում մեկ շնչին ընկնող ամենացածր եկամուտ ունեցող երկրների շարքում, իսկ բնակչության շուրջ 85 %-ն, ըստ գնահատումների, ապրում է աղքատության շեմից ցածր մակարդակում», – ասվում է զեկույցում։

Զեկույցի հեղինակների խոսքով՝ 2021 թ.-ի օգոստոսից սկսած՝ Աֆղանստանի ՀՆԱ-ն նվազում է, և երկիրը մնացել է միայն այլ երկրներից եկող մարդասիրական օգնության հույսին։ Հեղինակները կարծում են, որ օգնության 30%-ով նվազումը կհանգեցնի այն բանին, որ Աֆղանստանը կդառնա ամենաաղքատ երկիրը՝ ավելի վատ, քան Սիրիան, Սուդանը և մյուս երկրները, և նրա ՀՆԱ-ն կվերադառնա աճի բացասական դինամիկայի։

«Աղքատության մակարդակի վրա ազդելու համար Աֆղանստանը պետք է հասնի առնվազն 3 % աճի: 2023 թ.-ին օգնության կրճատման դեպքում այս ցուցանիշը լիովին բացասական կդառնա և շատ ցածր կլինի 2024 թ.-ին: Ընդ որում, մարդասիրական օգնության ծրագրի միայն 5 %-ն է ֆինանսավորվել այս տարվա ապրիլի վերջին», – ՄԱԿ-ի լրատվական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Աֆղանստանում ՄԱԿԶԾ-ի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Սուրայո Բուզուրուկովան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս