Բաժիններ՝

Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու հնարավորությունը կախված է ՌԴ- ի գործողություններից. Հարավային Կորեայի նախագահական գրասենյակ

Հարավային Կորեայի նախագահական գրասենյակից հայտնել են, որ Ուկրաինային մահաբեր զենք տրամադրելու որոշումը կախված կլինի Մոսկվայի գործողություններից: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:

Ըստ լրատվամիջոցի՝ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լրագրողներին հայտնել է, որ ՌԴ իշխանությունները մեկնաբանություններ են անում մի բանի շուրջ, որը տեղի չի ունեցել:

«Մենք կարող ենք դրան հակառակ կողմից նայել. այն, ինչ մենք կանենք ապագայում, կախված կլինի Ռուսաստանի գործողություններից», – մեջբերում է պաշտոնյայի խոսքը Yonhap-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Կիևին զենքի ցանկացած մատակարարում դիտվում է որպես հակառուսական գործողություն: Այդպես էր Զախարովան մեկնաբանել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հայտարարությունը, որ Սեուլը կարող է զենք մատակարարել Կիևին, եթե լուրջ սպառնալիք ծագի Ուկրաինայի խաղաղ բնակչության համար:

Իր հերթին Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Չունգ Հա Գյուն հայտնել է, որ գերատեսչությունը Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը դիտարկելու հրահանգներ չի ստացել։

Միևնույն ժամանակ, ըստ ТАСС գործակալության, այսօր Հարավային Կորեայի Պաշտպանության գնումների ազգային վարչության ներկայացուցիչը հերքել է այն ենթադրությունները, թե տանկերի արկերի և գնդացիրների փամփուշտների արտահանումը Լեհաստան անուղղակի աջակցություն է Ուկրաինային:

«Տանկերի և գնդացիրների զինամթերքի արտահանումը նախատեսված է Լեհաստանի զինված ուժերի մարտական ​​ներուժը վերականգնելու համար: Դրանց վերջնական օգտագործողը լինելու է Լեհաստանը», – հայտարարել են վարչությունում:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, խոսքը 4,3 մլն փամփուշտ և տասնյակ հազարավոր արկեր արտահանելու մասին է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս