Ակցիա եմ անում, չեմ իջնելու այս ամբիոնից. Թագուհի Թովմասյան

«Քննարկում ենք ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած երկրի բյուջեի կատարման արդյունքների մասին զեկույցը։ Ստիպված եմ թվարկել մի շարք իրողություններ, որոնք իմաստազրկում են առհասարակ ժողովրդավարություն բառը»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Կառավարության տարեկան զեկույցին։

Այս համատեքստում նա անդրադարձավ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցին, ընդգծելով՝ փաստ է, որ ՀՀ անվտանգության ծառայությունների կողմից Հայաստանում իրականացվել են խոշտանգումներ։ Կան նշանակալի խնդիրներ դատական անկախության հետ, որոնք զուգակցվում են կամայական կամ ընտրովի կալանավորումներով, կամայական կամ ապօրինի միջամտություններով անձնական կյանքին։ Լուրջ ֆիզիկական ոտնձգություններ, ինչպես նաև ազատ խոսքի ու մամուլի սահմանափակումներ։

Զեկույցի մեկ այլ հատված էլ վերաբերում է քրեակատարողական հիմնարկների պայմաններին և քրեական ենթամշակույթի օղակների գերիշխող դիրքերին։

Թագուհի Թովմասյանն այս համատեքստում ընդգծեց, որ, այո, այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ, վառ օրինակը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է, ում միակ հանցանքն այն է, որ ընտրվել է քաղաքապետ և հրաժարվում է  համագործակցել իշխանությունների հետ։

Թագուհի Թովմասյանը նաև խոսեց արձանագրված ընտրական խախտումների մասին։

«Ընտրական գործընթացների թափանցիկությունից խոսող ՔՊ-ն իր կուսակցության վարչության ընտրությունները կեղծեց, բարձրացված աղմուկից հետո վարչության կազմը փոխվեց, ու դուք խոսում եք բարոյականությունի՞ց, արժեքների՞ց, սկզբունքների՞ց, դուք վաղուց դավաճանել եք դրանք»,- շեշտեց Թագուհի Թովմասյանը։

Նա խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ պատերազմից հետո Հայաստանի ու Արցախի քարտեզը փոխվել է հօգուտ Ադրբեջանի, և այդքանից հետո խոսում է հայրենասիրությունի՞ց։

«Ձեր հրամանով է զորքը հետ քաշվել և դրանով խաղաղություն չեք բերել։ Առաջնագիծ դարձած իմ ծննդավայր Վարդենիսի շրջանում արդեն 5 օր է՝ կրակոցներ են Սոթքի հանքավայրի ուղղությամբ, 800 աշխատակիցներ 6 օր է՝ չեն գնում աշխատանքի, տնօրինությունը նրանց հարկադիր պարապուրդի է ուղարկել, որովհետև  չկա անվտանգության տարրական նորմերի պահպանման նույնիսկ ձևական միջոցներ:  Ստացվում է, որ Դուք չեք կարողանում պաշտպանել ու պահպանել իմ հայրենակիցների անվտանգությունը և Դուք խոսում եք բարոյականությունի՞ց: Դուք ձախողել եք ամեն ինչ և ամենուր»,- շեշտեց պատգամավորը։

Պատգամավորի ելույթի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ նրա ելույթի ժամանակն ավարտվել է, հետևաբար՝ պետք է դադարեցնի ելույթը, ինչից հետո Թագուհի Թովմասյանը պատասխանեց, որ չի ավարտել ելույթը, ԱԺ ամբիոնից չի իջնելու, քանի որ քաղաքական ակցիա է իրականացնում, և ամբիոնի մոտ հրավիրեց այն պատգամավորներին, ովքեր համակարծիք են իր հետ, միանալ ակցիային։ Դրանից հետո Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին հրավիրեց նիստերի դահլիճ, որ պատգամավորին դուրս տանեն, և հայտարարեց ընդմիջում։ Այդ ընթացքում անվտանգության մի խումբ աշխատակիցներ ներս մտան դահլիճ՝ ԱԺ ամբիոնի մոտից  ու դահլիճից հեռացրեցին Թագուհի Թովմասյանին ու նրան միացած  Հայկ Մամիջանյանին, Աննա Մկրտչյանին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս