Բաժիններ՝

«Այդ հարկայնությունն անթույլատրելի է». Հայաստանի Ճարտարապետների պալատի նախագահը դեմ է Էջմիածնի Կինոյի շենքը բազմաֆունկցիոնալ համալիր դարձնելուն

Էջմիածնի Կոմիտասի հրապարակում, քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող կինոթատրոնի շենքը ցանկանում են դարձնել բազմաֆունկցիոնալ համալիր՝ ժամանցի հասարակական տարածքներով ու 10 հարկանի ապակեպատ բնակելիով: Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման: Համալիրը կառուցվելու է հինգ հարկանի բնակելի շենքերի դիմաց՝ 25 մ հեռավորությամբ:

Համայնքապետարան ներկայացված էսքիզային նախագծի համաձայն՝ նախատեսվում է վերակառուցել շենքը որպես բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր՝ հասարակական տարածքներով, երկու կինոթատրոնով, բնակարաններով, ավտոկայանատեղիով:

Քաղաքացիներից ոմանք խստորեն քննադատել են նախագիծը, ոմանք էլ՝ կողմ արտահայտվել:

Կարդացեք նաև

«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝  դեմ եմ նման կերպար ունեցող և պատմություն կերտած շենքերի վերախմբագրելուն ու որևիցե միջամտությամբ փաթեթավորմանն ու բիզնես շահը բարձրադասելուն մշակույթից»,- գրել է Արա Շահումյանը:

Գայանե Միչիկյանն էլ հորդորել է բարի գործ անել մշակութային Էջմիածնի համար, հիմնանորոգել «Կինոյի տունը» ՝ նշելով, որ բնակելի տարածքները թող սփռվեն քաղաքի բաց փեշերին՝ տարածվելով անմշակ հատվածներով, իսկ Էջմիածնի սիրտը թող ազատ լինի:

Անի Սաֆարյանի կարծիքով՝ գաղափարը լավն է. «Շատ լավ գաղափար է, շուտով Կինոյի շենքը նոր շունչ կապրի, ինչը հնարավորություն կտա բոլորիս նոր ֆիլմերը դիտել մեր սիրելի քաղաք Էջմիածնում։ Իսկ ինչ վերաբերում է բնակելի շենքին, ապա մեր քաղաքը նոր և գեղեցիկ շինությունների կարիքը շատ ունի»,- գրել է քաղաքացին:

Ապրիլի 18-ին համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Էջմիածին քաղաքի «Կինոյի տուն» շենքի նախատեսվող շինության էսքիզային նախագծի վերաբերյալ հանրային քննարկումը, որը վարել է համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, ներկա են եղել Հայաստանի Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, համայնքային իշխանության ներկայացուցիչներ, ճարտարապետներ, կառուցապատողներ, համայնքի  բնակիչներ:

168.amՀայաստանի Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանից փորձեց պարզել՝ կո՞ղմ է, որ կինոթատրոնի շենքը  դառնա բազմաֆունկցիոնալ համալիր.

«Ոչ, ես կողմ չեմ: Քննարկման ժամանակ ասել եմ, որ նման հարկայնություն չի կարելի անել, պետք է ռենովացիա անել շենքը, բայց այդ հարկայնությունն անթույլատրելի է»,- մեր հարցին պատասխանեց  ճարտարապետների պալատի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս