
Անդրկասպյան երթուղու թողունակությունը մինչև 2025թ. կհասնի 10 միլիոն տոննայի

Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (ԱՄՏԵ) թողունակությունը մինչև 2025 թվականը կավելանա՝ հասնելով 10 միլիոն տոննայի: Նման հայտարարություն է արել Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին նվիրված խորհրդակցությունում։
Ըստ Ղազախստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության՝ Սմայիլովը նշել է, որ հանրապետությունը ջանքեր է գործադրում ԱՄՏԵ-ի զարգացման ուղղությամբ։
«Անցյալ տարի դրանով փոխադրված բեռների ծավալը կրկնապատկվել է և հասել 1,7 մլն տոննայի: Ընդ որում, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հետ ստորագրված ճանապարհային քարտեզների իրականացման շնորհիվ ընթացիկ տարում ԱՄՏԵ-ով կփոխադրվի 2 մլն տոննա բեռ, իսկ մինչև 2025 թվականը երթուղու թողունակությունը կհասնի 10 միլիոն տոննայի» -, ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
ԱՄՏԵ-ն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովի ջրատարածքով, Ադրբեջանով, Վրաստանով և այնուհետև շարունակվում է դեպի Եվրոպայի երկրներ: Երթուղով իրականացնում են բեռնարկղային փոխադրումներ երկաթուղային և ծովային տրանսպորտով: