Հարավային Կորեայի նախագահն առաջին անգամ փոխել է դիրքորոշումը
Հարավային Կորեան կարող է ընդլայնել իր աջակցությունն Ուկրաինային և մարդասիրական ու տնտեսական օգնությունից զատ՝ նաև ռազմական օգնություն ցուցաբերել, «եթե Ուկրաինան ենթարկվի լայնածավալ քաղաքացիական հարձակման»: Reuters-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը:
«Եթե լինի մի իրավիճակ, որը միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ, օրինակ՝ ցանկացած լայնածավալ հարձակում խաղաղ բնակչության վրա, ջարդեր կամ պատերազմի օրենքների լուրջ խախտում, ապա մեզ համար կարող է դժվար լինել պնդել միայն մարդասիրական կամ ֆինանսական աջակցության տրամադրումը», – ասել է Յուն Սոկ Յոլը:
Reuters-ը շեշտում է, որ Սեուլն առաջին անգամ է ակնարկում Կիևին զենք տրամադրելու պատրաստակամության մասին՝ փոխելով Ուկրաինային չզինելու՝ մինչ այս որդեգրած դիրքորոշումը:
Յուն Սոկ Յոլը նշել է, որ իր կառավարությունն ուսումնասիրում է՝ ինչպես օգնել պաշտպանել և վերականգնել Ուկրաինան, ճիշտ այնպես, ինչպես Հարավային Կորեան ստացավ միջազգային օգնություն 1950-1953 թթ. Կորեական պատերազմի ժամանակ:
Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ-ի առանցքային դաշնակից և հրետանային զինամթերքի խոշոր արտադրող Հարավային Կորեան մինչ այս փորձում էր խուսափել Ռուսաստանի հետ առճակատումից՝ հաշվի առնելով Ռուսաստանում գործող իր ընկերությունները և Մոսկվայի ազդեցությունը Հյուսիսային Կորեայի վրա:
«Հաշվի առնելով մեր հարաբերությունները պատերազմում ներգրավված կողմերի հետ, ինչպես նաև մարտի դաշտում զարգացումները՝ մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք», – հավելել է Հարավային Կորեայի ղեկավարը:
Հաջորդ շաբաթ Յուն Սոկ Յոլը պետական այցով կմեկնի ԱՄՆ, որտեղ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հետ կտոնի երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների հաստատման 70-ամյակը: