Բաժիններ՝

Յոթ խորհուրդ. մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց և մի՛ դառնացրեք նրանց

Եկեղեցու խորհուրդները այն սրբազան արարողություններն են, որոնց ընթացքում անտեսանելի կերպով տրվում են Սուրբ Հոգու շնորհները՝ մարդուն միավորելով Քրիստոսի և Եկեղեցու հետ:

Ավանդաբար այդ խորհուրդները թվով յոթն են՝ մկրտություն, դրոշմ, ապաշխարություն, հաղորդություն, պսակ, ձեռնադրություն և կարգ հիվանդաց, որոնք ընդգրկում են քրիստոնեական կյանքի առանցքային կողմերը:

Պսակի կարգը, որը կատարվում է հայոց եկեղեցում, ունի հոգևոր խորհուրդ և այլաբանական մեկնաբանում։ Պողոս առաքյալն այր և կնոջ ամուսնական միությունը նմանեցնում է Քրիստոսի՝ Իր Եկեղեցու հետ միությանը։ Եվ իսկապես, մարդկային ցեղի մաքուր և առողջ աճը, Քրիստոսի Եկեղեցու բարգավաճումն ու պայծառությունը կախված են օրինավոր ամուսնության արդյունքից։ Եվ որովհետև Քրիստոս և Իր Եկեղեցին իբրև մեկ մարմին նույնացած են, հարկ է, որ ամուսնացողները, իբրև աստվածային պատվերը «աճեցե՛ք և բազմացե՛ք» կատարողներ, կատարելապես գիտակ և հավատարիմ լինեն իրենց միավորման ուխտին և նպատակին։ Երկու էակների միությունն ինքնին խորհրդավոր է, և Եկեղեցին այն դարձրել է յոթ խորհուրդներից մեկը՝ հիմնվելով աստվածային պատգամի և օրհնության վրա։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Չկա ավելի թանկ բան, քան կնոջ կողմից սիրված լինել և սիրել նրան: Երբ ամուսինները համաձայնության մեջ են, դա իմաստուն երանություն է»:

Ամուսնության ու պսակի սրբության գաղափարը քրիստոնեական վարդապետության մեջ իր բարձրակետին է հասնում Պողոս առաքյալի հետևյալ խոսքերում. «Մարդիկ պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինները, ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, որովհետև ոչ ոք իր անձը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոս՝ Եկեղեցին (Եփեսացիս 5:28-30)։ Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հորն ու մորը՝ պետք է միանա իր կնոջը, և երկուսը պետք է լինեն մի մարմին: Ավետարանում էլ ենք կարդում այս խոսքերը, որ շատերի համար գուցե տարօրինակ են հնչում: Պարզվում է, որ պսակի խորհուրդը հենց նրանում է, որ երկուսը դառնան մեկ: Խոսքը սիրո մեջ այնքան խոր միավորման մասին է, երբ երկու մարդիկ չեն պատկերացնում իրենց կյանքն առանց մեկը մյուսի, յուրաքանչյուրը գիտակցում է, որ ինքը իր սիրելիի շարունակությունն է, նրա անբաժանելի մասը:

Կարդացեք նաև

Պսակի խորհուրդը երբևէ կնքված ամենամեծ դաշինքն է, որ առհասարակ կարող են միմյանց մեջ հաստատել երկու անձինք: Ո՛չ ազգակցական, ո՛չ էլ բարեկամական կապերը չեն կարող այդ աստիճան մտերմություն ստեղծել երկու անձերի միջև: Մարդկային ոչ մի դաշինք չի կարող տղամարդուն կամ կնոջն այնքան նեցուկ ու խրախույս լինել աստվածային արքայության ընտանիք կազմելու գործի մեջ, որքան ամուսնությունը: Պսակի սուրբ խորհուրդ լինելը ցույց է տալիս, որ ամուսնությունը կարևոր խորհուրդ է իր մեջ պարունակում․ ինչպես որ Աստծու արքայության համար մեծ նշանակություն ունի Քրիստոսի և եկեղեցու միությունը, այնպես էլ ամուսնական ընտանեկան կյանքը մի անհրաժեշտ տարր է Աստծո արքայության իրականացման համար:

Գերմանացի մի հեղինակ տղամարդու և կնոջ միությունը կոչում է «կյանք մեկ անձի մեջ, որ երկու դեմք ունի» ի վկայություն աստվածադիր «եւ եղեն ի մարմին մի» սահմանման: Երկուսը մեկ մարմին, երկու հոգի կենցաղավարում են ինչպես մեկը, հետևաբար` երկու կամք և մեկ արտահայտություն` փոխհամաձայնության, վստահության, ներողամտության, խոնարհության և, իհարկե, հավատի ու սիրո սրբազան զգացումների մեջ: Այս է պսակի և ամուսնության կատարելության պայմանը:

Պատրաստեց Մարիետտա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս