«Առանց Արցախի վերաազատագրման խաղաղություն չի՛ լինելու, մոռացե՛ք այդ մասին». Ալվինա Աղաբաբյան
Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանը հստակ քայլերով ցույց է տալիս՝ խաղաղություն չի՛ լինելու, և ցանկացած բանական էակ պետք է որ դա հասկանար:
«Եթե դիմացդ ունես մի պետություն, որը քո հանդեպ թշնամաբար է տրամադրված, քեզ ընկալում է՝ որպես թշնամի, և հետևաբար՝ իր ամբողջ քաղաքականությունը կառուցում է թշնամու հետ հարաբերվելու տեսանկյունից, պետք է որ դու ինքդ էլ պատրաստ լինես նման մարտահրավերների, ինքդ էլ դիրքավորվես և գործես ըստ այդմ: Եթե հակառակն ես անում, ուրեմն՝ կա՛մ բացարձակ հիմար ես, որ չես հասկանում՝ ինչ է տեղի ունենում, կա՛մ դա գիտակցված ես անում: Ես առաջինը բացառում եմ, որովհետև անգամ եթե ինչ-որ մի փուլում չգիտեինք, տեղեկացված չէինք, այս ընթացքում այնքան է այդ մասին խոսվել, որ եթե այդքանից հետո շարունակում ես խաղաղություն քարոզել, նշանակում է՝ դա անում ես միտումնավոր՝ ի շահ քո թշնամու: Թշնամու շահերից է բխում ունենալ անզեն ու անգետ, դիմադրելու ոչ պատրաստ հայ հասարակություն: Նրա շահերից է բխում ունենալ անպաշտպան սահման՝ հայկական կողմից: Նրա շահերից է բխում անընդհատ տարածք վերցնել և դրա դիմաց ոչ մի դիմադրություն չստանալ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ Թուրքիայի և իր նախագիծ Ադրբեջանի նպատակն է խաղաղության քարոզի տակ այս տարածաշրջանից վերացնել հայկական գործոնը:
«Մեզ մոտ թշնամու և դաշնակցի, հերոսի և հակահերոսի կերպարներն ի սկզբանե աղճատվել են, և կրկին դա արվել է միտումնավոր: 90-ականներին, երբ կռիվ էինք տալիս, պայքարում էինք Արցախի համար, զուգահեռաբար, հայկական մամուլում հակաարցախյան քարոզչություն էր տարվում, երկրի ներսում եղած տնտեսական խնդիրները ոչ ճիշտ կառավարման արդյունք էին, բայց դրա փոխարեն՝ թիվ մեկ մեղավորը ներկայացվում էր Արցախը: Դա արվում էր պետության թիվ մեկ անձի շուրթերից: Այդ տարիներին չեք գտնի որևէ հոդված, ծրագրային ելույթ, որտեղ նախագահը Ղարաբաղ բառի կողքին չգործածեր «կնճիռ» բառը, «թնջուկ» բառը, այսինքն՝ բառեր, որոնք միայն բացասական ենթատեքստ ունեին: Նա ուղիղ տեքստով դա ասում էր, որ՝ դուք լավ չեք ապրում, ունեք այս խնդիրները, որովհետև Արցախում կռիվ է:
Ինքը չէր ասում՝ պետք է դիմանանք, որովհետև Արցախ ենք ազատագրում, այլ ասում էր՝ լավ չեք ապրում, որովհետև Արցախ կա: Դա այդպես մնաց, այդ թեման շարունակեց սնվել, իսկ 2018թ. հետո կրկին պետական մակարդակի հասցվեց: Դրան զուգահեռ, մեզ մոտ թշնամու կերպարի աղճատում էր գնում, այսինքն՝ նույն 90-ականներին, երբ կռիվ էինք տալիս Թուրքիայի հետ, ի վերջո, ադրբեջանցին թուրք է, չէ՞, մեզ մոտ էլի այդ եղբայրության, համակեցության, սովետական շրջանից միասին ապրելու պատմություններ էին վերհիշում, և այլն: Այդ գիծը մինչև մեր օրեր հասցվեց:
Թուրքը ցույց էր տալիս, որ մեր թշնամին է, Ադրբեջանը սահմանին դիվերսիաներ էր անում, սպանում էր մեր զինծառայողներին, 2016թ. պատերազմը եղավ, 2020թ. պատերազմը եղավ, ամենադաժան վայրագություններն արեցին, բայց մեզ մոտ տարբեր հարթություններում քարոզվում էր հանդուրժողականություն, վաղեմի հուշեր, որոնք շատ դեպքերում մտացածին էլ էին: 2018թ. առաջ էլ էր դա արվում տարբեր «լրատվամիջոցների» ՀԿ-ների միջոցով, որոնք սնվում էին դրսից և հստակ հակահայկական քարոզչության նպատակ ունեին: Մեկ ամսվա կամ մեկ տարվա աշխատանքի արդյունք չէ, որ այսօր մենք ունենք աղճատված թշնամու կերպար: Շատերի մոտ այդ նույն ադրբեջանցին կամ թուրքը չի առաջացնում այն նույն զգացումը, որը պետք է թշնամու ընկալումը առաջացնի, դա է պատճառը, որ երբ, օրինակ՝ դրոշ ես այրում, քո հասարակության ներսում ինչ-որ մի հատված դրանից վատ է զգում»:
Նա նկատեց՝ երբ հստակ է լինում՝ թշնամին ով է, հերոսն ով է, դաշնակիցն ով է, դու գործում ես՝ ըստ դրա. «Ադրբեջանում դա հստակ է՝ իրենք ունեն թշնամի, դա հայն է, դրա շուրջ կառուցել են իրենց ինքնությունը, իրենց ազգային ամբողջ նպատակներն ու քաղաքականությունը, այդ ուղեծրով դաստիարակել են սերունդներ, և այդ դաստիարակության արդյունքը մենք 2020թ. տեսանք:
Թշնամուն կերպարը լղոզում ենք, փորձում ենք սարքել ապագա լավ ընկեր, զուգահեռաբար, այն դաշնակիցը, որը բնական դաշնակից է, որովհետև մեզ պարտադրված հակաթուրքական պայքարում, մեր բնական դաշնակիցները, որոնց շահերից նույնպես չի բխում մեր տարածաշրջանում թուրքական գործոնի ուժեղանալը, մենք նրանցից թշնամիներ ենք ստեղծում: Խոսքը Ռուսաստանի մասին է: Կամ անտեսում ենք բնական դաշնակից Իրանին: Մենք ունենք մի հասարակություն, որը չգիտի՝ ով է իր հերոսը, որովհետև այն մարդիկ, ովքեր հերոս են՝ ըստ իրենց արած գործերի, օրինակ՝ հող ազատագրած մեր բոլոր հրամանատարները՝ սկսած Մանվել Գրիգորյանից մինչև Գրիգորի Խաչատուրով, ձերբակալվեցին, սևացվեցին, վարկաբեկվեցին, ու այդ գործընթացը շարունակական է: Մենք չունենք հերոսներ, ում օրինակով պետք է փորձենք սերունդներ կրթել, ում պետք է փորձենք նմանվել, զուգահեռ՝ մենք չունենք թշնամի, այսինքն՝ մենք համախմբման որևէ կենտրոն չունենք: Այս մի բուռ հայերով, եթե պետք է համախմբվեինք ու մեր ողջ պոտենցիալն ուղղեինք արտաքին թշնամու դեմ, այդ փոքր ուժերը իրար դեմ են կռիվ տալիս, ինչը ձեռնտու է միայն արտաքին թշնամուն»:
Դիտարկմանը՝ կան մարդիկ, ովքեր ասում են՝ ավելի լավ է թուրքերը գան, քան նախկինները, նա արձագանքեց. «Դե, եթե այդ մարդուն ձեռք է տալիս իր և իր գերդաստանի ֆիզիկական ոչնչացումը, չգիտեմ՝ ինչ ասեմ: Ներքին պառակտվածությունը կարող է ձեռնտու լիներ միայն այն ուժին, որի դեմ կարող էր ուղղված լինել մեր միասնականությունը: Մեր միասնականությունը կարող էր ուղղված լինել միայն արտաքին թշնամու դեմ, որովհետև մենք այդ թշնամուն տեսնում ենք, տեսնում ենք, որ ինքը զինված գալիս է առաջ, ու մենք փոխանակ միասին լինենք ու պայքարենք թուրքի դեմ, մեր ներքին ուժերն ենք ջլատում: Դա կարող է ձեռնտու լինել միայն թուրքին»:
Նա ընդգծեց, որ իրավիճակը փոխելու համար Հայաստանին պետք են ազգային իշխանություններ. «Առանց վերաազատագրված Արցախի մենք ապահով սահման չենք ունենալու, մոռացեք այդ մասին, որ մենք ապահով սահման կունենանք Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Տավուշում և այլն: Քանի չենք վերաազատագրել Արցախը, մենք այդ խաղաղությունը չենք վերականգնելու: Մենք այդ խաղաղությունը, ի դեպ, ունեցել ենք: Այն շրջանը, որը մենք ապրել ենք խաղաղ, հանգիստ գնացել ենք Մեխակավան և հետ ենք եկել, այ, դա էր խաղաղությունը: Այս տարածաշրջանում իդեալական խաղաղություն, որ դռներդ կարող ես բացել, և ոչ ոք քեզ ոչինչ չի ասի, նման բան չկա, չի եղել ամբողջ հազարամյակների պատմության ընթացքում ու հետո էլ չի լինելու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում